Արդեն 28 օրն է, որ դադարեցված է ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը, որը ստեղծել է լարված քաղաքական իրավիճակ ԱՄՆ-ում:
Վերջին զարգացումների շարքում էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Աֆղանստան և Բրյուսել այցի չեղարկումը կառավարության փակման պատճառով:
Իսկ Վաշինգտոնում վերսկսվել են Կոնգրեսի նիստերը: Դեմոկրատներն ու հանրապետականները չեն հասել համաձայնության կառավարության ֆինանսավորման հարցում:
«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի, որ փակ կառավարության պարագայում Ներկայացուցիչների պալատի խոսնակը հեռանա երկրից»,- ասում է Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին:
Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին քննադատել է նախագահին Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցերը հրապարակելու համար, քայլ, որը վտանգում է պատվիրակության անվտանգությունը։
«Կարծում եմ նախագահի որոշումը խոսնակի այցերը հրապարակելու մասին լարում է իրավիճակը ռազմական գոտում»,- ասել է Շիֆը:
Կոնգրեսական Շիֆի մեկնաբանությունները ակնարկում էին նաև նախագահ Թրամփի վերջերս այդ տարածաշրջան կատարած այցը, որը մինչ վերջին վայրկյան պահվել է գաղտնի: Խոսնակ Փելոսին իր կարգավիճակով ևս բարձրաստիճան պաշտոնյա է:
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դեռևս չկա համաձայնություն կողմերի միջև կառավարության վերաբացման հարցում, որի փակման հիմքում է ընկած հանրապետականների ու դեմոկրատների անհամաձայնությունը Մեքսիակայի սահմանային պատի կառուցման ֆինանսավորման հարցում:
Նախագահը ցանկանում է ստանալ 5 միլիարդ դոլար պատի կառուցման համար։ Դեմոկրատները պատրաստ են տրամադրել միան 1 միլիարդ դոլար ընդհանուր սահմանային անվտանգության ապահովման համար:
Facebook Forum