ԱՄՆ-ի հանրապետական ազդեցիկ սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ հանրապետական եւ դեմոկրատ օրենսդիրների ընդգրկող աշխատանքային խմբին կհաջողվի կարգավորել նախագահ Թրամփի եւ դեմոկրատական մեծամասնության միջեւ հակասությունները եւ վերաբացել երկրի կառավարության գործունեությունն ամբողջությամբ: Հիշեցնենք, հիմնական հակասության առարկան Դոնալդ Թրամփի պահանջն է՝ երկրի բյուջեից 5 միլիարդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար:
«Բազմաթիվ դեմոկրատ սենատորներ այլեւս չեն կիսում Նենսի Փելոսիի մոտեցումը, ով հայտարարել էր, որ պատրաստ է պատի կառուցմանը միայն մեկ դոլար հատկացնել: Բազմաթիվ դեմոկրատներ պատրաստ են օգնել նախագահին ողջամիտ ճանապարհով իրականացնել նրա առաջնահերթությունները: Այնպես որ, հաջորդ 24 ժամերի ընթացքում մենք խնդրելու ենք նախագահին վերսկսել կառավարության գործունեությունը եւ մեզ մի քանի շաբաթ հատկացնել՝ ուղիներ որոնելու համար», - հայտարարել է Գրեհեմը:
Ավելի վաղ սակայն նախագահ Թրամփը հայտարարել էր, որ չի ընդունելու կառավարության գործունեությունը վերսկսելու որեւէ միջանկյալ տարբերակ՝ առանց իր պահանջի բավարարման.
«Ես ցանկանում եմ հարցը կարգավորել, ոչ թե հետաձգել»:
Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը մինչդեռ կոչ է արել հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մքքոնելին ընդունել Կոնգրեսի ստորին պալատի կողմից ընդունված օրինագիծը, որը նախատեսում է կառավարության գործունեության վերաբացում՝ շրջանցելով նախագահ Թրամփին: ԱՄՆ-ի շուրջ 800,000 պետական աշխատող վերջին 24 օրերի ընթացքում աշխատավարձ չեն ստացել:
Facebook Forum