Մատչելի հղումներ

Հետխորհրդային ավազակապետության մասին՝ Freedom House-ում


Freedom House-ը օրերս հրավիրել էր քննարկում եվրասիական տարածաշրջանում ավազակապետության դրսևորմների և Արևմուտքի հակազդելու կարողության մասին: Քննարկման կենտրոնում էր այս առումով իրավիճակը Վրաստանում և Ուկրաինայում:

«21-րդ դարի ավտորիտարիզմն ընդունել է կլեպտոկրատիայի քաղաքական և բիզնես մոդելները, ուր ավտորիտար առաջնորդները թալանում են իրենց երկրները, նման չեն նախկին բռնապետներին և ունեն հսկա միջոցներ, որոնք գտնվում են իրենց երկրի սահմաններից դուրս»,- նշեց կլեպտոկրատիայի գծով Hudson կենտրոնի ծրագրի նախկին ղեկավար, The American Interest հանդեսի հրատարակիչ Չարլզ Դեյվիդսոնը՝ եվրասիական տարածաշրջանում ավազակապետության դրսևորման և Արևմուտքի հակազդեցության մասին Freedom House կազմակերպության հրավիրած միջոցառմանը:

Քննարկման կենտրոնում էր Ուկրաինայում և Վրաստանում առկա իրավիճակը: Հրավիրված ուկրաինացի ու վրացի բանախոսներն ընդգծեցին ավտորիտարիզմի խոչընդոտող դերն այս երկրների զարգացման ճանապարհին:

«Մենք ցանկանում ենք Ուկրաինայում կառուցել օրենքի գերակայության ու ժողովրդավարության վրա հիմնված արդար հասարակություն, սակայն դրա հիմնական հակառակորդները օլիգարխներն ու կլեպտոկրատներն են»,- նշեց է Ուկրաինայում գործող հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Դարիա Կալենյուկը:

«Այն ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում իշխանության բռնազավթում կարելի է կոչել: Ռուսական օկուպացիայի հետ մեկտեղ, մենք առերևեսվում ենք ավտորիտարիզմի հետ, որն աստիճանաբար ավելի ու ավելի իրական դրսևորում է ստանում Վրաստանում»,- ասում է Վրաստանում գործող Տնտեսական քաղաքականության հետազոտման կենտրոնի ղեկավար Նինո Եվգենիձեն:

Փորձագետների կարծիքով արևմտյան երկյրները և մասնավորապես ԱՄՆ պետք է ավելի կոշտ պայքար մղեն ավազակապետությունների դեմ՝ օգտագործելով բոլոր հնարավոր քաղաքական, տնտեսական կամ ֆինանսական լծակները:

Ըստ Չարլզ Դեյվիդսոնի արևմտյան տերություններն ունեն լուրջ լծակներ ավազակապետերիվրա ճմշումներ գործադրելու համր, քանի որ վերջիններիս կուտակած միջոցները պահվում են արևմտյան ֆինանսական հաստատություններում: Սակայն, ըստ փորձագետի, անհրաժեշտ է քաղաքական կամք այս ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու համար:

Իսկ Կոլումբիա համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Քուլիի կարծիքով՝ ավազակապետերը սովորաբար իրենց առջև ունենում են երկու հիմնական խնդիր. երկրում անօրինական հարստացումից հետո դուրս հանել միջոցները երկրից դեպի մասնավորապես արևմտյան բանկեր և բարձրացնել իրենց հանրային հեղինակությունը՝ գումարներ տրամադրելով կրթական, գիտական, մշակութային հաստատություններին կամ բարեգործությանը, որն ըստ փորձագետի, ավելի քիչ կարևոր չէ, քան փողերի լվացումը:

Պատասխանելով Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարին և այս ուղղությամբ ԱՄՆ հնարավոր աջակցությանը՝ Freedom House-ի հատուկ նախագծերի հետազոտման ղեկավար Նեյթ Շչեյնքանն ընդգծեց, որ պայքարը կոռուպցիայի դեմ Հայաստանի նոր իշխանությունների համար ամենաառաջնային խնդիրն է, որի մեջ շահագրգռված է նաև Միացյալ Նահանգները, սակայն ըստ փորձագետի, ԱՄՆ-ի գործողություններն այս ուղղությամբ սահմանափակ են:

«Սա Հայաստանի ներքին խնդիրն է: Օրինակ, ԱՄՆ-ը չի կարող բարձրացնել պետծառայողների աշխատավարձը: Դա պետք է անի Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ ու տնտեսական առաջընթացի գրանցում» ,- ասում է Շչեյնքանը:

Ըստ նրա, սակայն ԱՄՆ-ը կարող է տրամադրել Հայաստանին քաղաքական, տնտեսական կամ տեխնիկական օժանդակություն՝ միտված ներուժի ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն:

Վրացի փորձագետ Նինո Եվգենիձեն ևս համամիտ է, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում կարևոր է հանդես գալ սեփական նախաձեռնությամբ:

«Վրաստանն ու Հայաստանը որպես ժողովրդավարության առաջամարտիկներ պետք է ցույց տան աշխարհին, որ արժանի են լինել օրինակ Եվրամիության, ՆԱՏՕ-ի կամ այլ առաջադեմ քաղաքական վեկտորի մաս, սակայն մենք ինքներս պետք լինենք մոտիվացված ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու եւ օրինականություն հաստատելու հարցում: Սա է Արևմուտքի հետաքրքրությունն ու աջակցությունը ստանալու միակ ճանապարհը»,-նշեց նա:

Բանախոսներն ընդգծեցին կլեպտոկրատիկ երևույթների դեմ պայքարի հարցում ընդունված և գործող նորմերի փոփոխման անհրաժեշտությունը, սակայն ըստ Չարլզ Դեյվիդսոնի՝ Արևմուտքում այս փոփոխությանը խանգարում է օլիգարխիայի, հատկապես ռուսական կլեպտոկրատիայի, և ֆիզիկական բռնության հանդեպ հաստատված վախը:

Facebook Forum

XS
SM
MD
LG