Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները պատրաստվում են Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու մասին այս երկրի վարչապետ Թերազա Մեյի կնքած գործարքի շուրջ քվեարկությանը։ Վարչապետը շարունակ հորդորում է հաստատել իր կնքած գործարքը, հակառակ դեպքում, ասում է նա, Մեծ Բրիտանիան դուրս կգա Միությունից առանց գործարքի։
Սակայն իր իսկ կուսակցությունից որոշ օրենսդիրներ արդեն իսկ միացել են ընդդիմությանը՝ ընդդեմ գործարքի, ինչը խոսում է այն մասին, որ երեքշաբթի երեկոյան անցկացվելիք քվեարկության ժամանակ Մեյի գործարքը կմերժվի։
Խորհրդարանի շենքի առջեւ հավաքված ցուցարարների մեծ մասը նույնպես դատապարտում է Եվրոպական միության ղեկավարության հետ Մեյի կնքած գործարքը։
Մեյը մարդկանց հետ իր հանդիպումների ժամանակ հայտարարում է, թե ժողովրդավարական ու քաղաքական գործընթացների նկատմամբ ժողովրդի վստահությունը ՝՝կկրի աղետալի վնասներ՛՛, եթե Եվրոպական միությունից դուրս գալու՝ Բրէքզիթի գործընթացը դրվի վտանգի տակ։
Երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, որը հայտնի է որպես Բրէքզիթի ամենաջերմ աջակից, որը սակայն թողեց իր պաշտոնը՝ ի բողոք Եվրոպական միության հետ Մեյի կնքած համաձայնագրի, հայտարարում է, թե Մեյի կնքած գործարքը դավաճանություն է, որը Միացյալ Թագավորությունը ՝՝մշտապես կախյալ վիճակում կպահի Եվրոպական միության մաքսային միությունից։
Իսկ եթե խորհրդարանում չկայացվի համաձայնություն, մարտի 29-ին Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունից դուրս կգա առանց գործարքի։