Մատչելի հղումներ

Հաշոգիի հիշատակը խորհրդանշում է ազատ մամուլի կարևորությունը աշխարհում


Լրագրող Ջամալ Հաշոգիի մահը, ով սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո, քննադատության լայն ալիք էր բարձրացրել ընդդեմ Սաուդյան Արևաբիայի և նոր մտահոգությունների պատճառ դարձել:

Լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել ընդդեմ Սաուդյան Արաբիայի, որն ընդունել էր, որ Հաշոգին սպանվել է իր երկրի դիվանագիտական առաքելության տարածքում իր անվտանգության գործակալների կողմից: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հետ էր կանգնել սաուդյան իշխանություններին քննադատելուց՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան չափազանց կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար:

«Մենք չենք պատրաստվում հրաժարվել հարյուր միլիարդավոր դոլար արժողությամբ պատվերներից և դրանք փոխանցել Ռուսաստանին, Չինաստանին և մյուսներին: Ինձ համար Ամերիկան առաջնային է: Եթե մենք խզենք հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, նավթի գները թռիչք կարձանագրեն»,- ասել էր Թրամփը:

ԱՄՆ-ի Սենատը ընդունել է բանաձև՝ դատապարտելով Սաուդյան Արաբիային:

Իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հաշոգիի սպանությունից հարյուր օր անց կրկին անդրադարձել է այս ողբերգությանը ու քննադատել նախագահ Թրամփին՝ նշելով, որ եթե իր համար կոմերցիոն շահերը առաջնային են օրենսդիրների հայտարարություններից ու գործողություններից , ուստի պետք է արձանագրել, որ ԱՄՆ-ը կորցրել է մարդկանց զանգվածային սպանությունների մասին որևէ տեղ և որևէ պահի խոսելու բարոյական իրավունքը։

2018 թվականին գրանցվեցին լրագրողների սպանության շատ դեպքեր, ներառյալ Մերիլենդի Անապոլիս քաղաքում տեղի թերթի խմբագրության վրա զինված հարձակումը, որին զոհ գնացին 5 աշխատակիցներ:

«Մամուլի ազատության պաշտպանության աջակցության բացակայությունը Սպիտակ տան կողմից վտանգի է ենթարկում լրագրողներին ամբողջ աշխարհում: Ավտորիտար առաջնորդները աշխարհում կրկնում են «կեղծ լուրեր» և «մարդկանց թշնամիներ» արտահայտությունները՝ օգտագործելով դրանք որպես պատճառ լրագրողներին ձերբակալելու համար»,- ասում է սենատոր Քրիս Վան Հոլենը:

Հաշոգիի սպանության դատապարտումը աջակցություն ստացավ նաև հանրապետականների շրջանում: Ըստ հանրապետական սենատոր Վիլ Հարդի, Հաշոգիի սպանությունը հայտնվեց բոլոր ամերիկացիների ուշադրության կենտրոնում, անգամ նրանց, ովքեր չեն առնչվել երբևէ լրագրության հետ:

«Այն քննարկման նյութ է դարձել հարավային ու արևմտյան Թեքսասում: Այնտեղ մարդկանց մեծ մասը չի կարող ճիշտ արտասանել Հաշոգիի անունը: Շատ մարդիկ մոտեցել են ինձ ու հարցրել, թե ինչու է այս ամենն այդքան կարևոր: Դա ստիպում է շատ մարդկանց գիտակցել, թե որքան կարևոր է ազատ մամուլը»,- ասում է սենատոր Հարդը:

Ազատ մամուլի կարևորության գիտակցումը ըստ օրենսդիրների, Հաշոգիի ժառանգության կարևոր մասն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG