Մատչելի հղումներ

Արմեն Գևորգյան․ Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։

Վերաքննիչ քրեական ատյանում դատը սկսվեց ու ավարտվեց շատ արագ։

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ պաշտպանական կողմը չէր ստացել բողոքի օրինակը, ուստի միջնորդեց հետաձգել դատական նիստը․ - «Դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա»:

Ինքը՝ Գևորգյանն, որը մեղադրվում է միանգամից չորս հոդվածով, այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքները։

Լրագրողների հարցերին նա գրեթե չպատասխանեց՝ նշելով որ կխոսի, երբ ժամանակը գա․ - «Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ անհիմն․․․ Կգա ժամանակը ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու: Բայց հիմա դրա ժամանակը չէ»:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Գևորգյանին առաջին մեղադրանքն առաջադրվեց դեռ անցած տարվա օգոստոսին։ Նա մեղադրվեց արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվեց «Մարտի 1»-ի գործին։ Իսկ արդեն դեկտեմբերին Հատուկ քննչական ծառայությունը ևս երեք հոդվածով մեղադրանք առաջադրեց նախկին փոխվարչապետին, դրանք են՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը, փողերի լվացումն ու սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը:

Այս ամենը հաշվի առնելով նախաքննական մարմինը դիմեց դատարան՝ Գևորգյանին կալանավորելու համար, սակայն առաջին ատյանը դեկտեմբերին մերժեց միջնորդությունը։

Էրիկ Ալեքսանյանը պարզաբանեց․ - «Առաջին ատյանի դատարանը երկու մեղադրանքով՝ սահմանադրական կարգը տապալելը և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով հաստատել է, որ հիմնավոր կասկածը առկա չէ, այսինքն Արմեն Գևորգյանը առնչություն չունի իրեն վերագրվող հանցագործության հետ: Իսկ ինչ վերաբերում է փողերի լվացմանը, թեև հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն նշել է, որ կալանավորման հիմքերը առկա չեն»:

Թե ինչ ապացույցներ է ներկայացրել նախաքննական մարմինը փողերի լվացման դրվագով, Գևորգյանի փաստաբանն այսօր չմանրամասնեց՝ պատճառաբանելով, թե դրանք վերաբերում են գործի փաստական հանգամանքներին, որոնց մասին ինքը խոսել իրավունք չունի:

Գործով հաջորդ դատական նիստը հունվարի 17-ին է։

XS
SM
MD
LG