Սպիտակ տան Օվալաձեւ սրահից երեքշաբթի օրն արտասանած իր ուղերձն ԱՄՆ-ի նախագահը կազմել էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու իր ծրագիրը եւ դրա համար անհրաժեշտ գումարը հաստատելու իր պահանջն առաջ տանելու կտրվածքով։
Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու իր ծրագիրն ԱՄՆ-ի նախագահը հիմնավորում է հանցագործությունների ծավալը կրճատելու անհրաժեշտությամբ։ Սպիտակ տան Օվալաձեւ սրահից իր ելույթի ժամանակ երեքշաբթի օրը երեկոյան Թրամփը հայտարարեց, թե սահմանապահ ուժերն անցած երկու տարիների ընթացքում ձերբակալել են ՝՝քրեական անցյալ ունեցող 266 հազար օտարազգիների, որոնցից 1ՕՕ հազարն իրականացրել են հարձակումներ, 3Օ հազարը՝ սեռական բռնություններ, 4 հազարը՝ սպանություններ՛՛։
Իր խոսքերով ասած ՝՝ազգային անվտանգության այս ճգնաժամը լուծելու գործը խոչընդոտելու՛՛ մեջ նա մեղադրում է դեմոկրատներին։
՝՝Եվ դաշնային հաստատություններն էլ շարունակում են մնալ փակ այն պատճառով, որ դեմոկրատները հրաժարվում են ֆինանսավորել սահմանային անվտանգությունը՛՛, հայտարարեց Թրամփը։
Նախագահի ելույթից մի քանի րոպե անց հանդես եկան դեմոկրատ կոնգրեսականները՝ հակադարձելով Թրամփի խոսքերին։
Ինչպես Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն ասաց, ՝՝որեւէ նախագահ չի կարող խփել սեղանին ու իր պահանջը պարտադրել կառավարությանը պատկանող գործակալությունները փակելու միջոցով՛՛։ Մի բան, որը սենատորի խոսքերով, հարվածում է դաշնային կառավարությունում ծառայող միլիոնավոր մարդկանց։
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն ընդունել են մի բանաձեւ, որը կարող է վերաբացել դաշնային հաստատությունները, սակայն նախագահը մերժում է այն։
Պալատի նախագահ Նենսի Փելոսին էլ մեղադրում է Թրամփին հարկատուներից գանձված միլիարդավոր դոլարները վատնելու փորձերի մեջ, երբ նրա խոսքերով, ՝՝Թրամփը ժամանակին խոստանում էր պատը կառուցել Մեքսիկայի փողերով՛՛։
Հիշեցնենք, որ դեմոկրատները պատրաստ են հաստատել 1 միլիարդ 3ՕՕ միլիոն դոլարի ֆինանսավորում սահմանային անվտանգությանը զարկ տալու համար, երբ Թրամփը պահանջում է 5 միլիարդ 7ՕՕ միլիոն՝ պատի կառուցման համար։ ՝՝Դեմոկրատների առաջարկով բետոնե պատի փոխարեն պիտի կառուցվի պողպատե պատ՛՛, ասել է Թրամփը։ Սակայն դեմոկրատները հերքում են այդ մասին Թրամփի խոսքերը ու պնդում, որ իրենք պահանջում են սահմանային հսկողության ուժեղացում՝ առանց պատի կառուցման։
Ինչպես փորձագետներից Ստիվըն Բիլեթն է ասում, ՝՝որքան էլ կարծր են թվում երկու կողմերի դիրքերը, կարծես նաեւ նկատելի է դառնում փոխզիջումների գնալու պատրաստակամությունը։ Կարելի է շուտով ակնկալել հռետորաբանության նվազում։ Միգուցե ավարտվեն պատի մասին խոսակցությունները ու կողմերը կենտորանան սահմանային անվտանգության ու այլ հնարավորությունների վրա՛՛։
Իր ելույթի ժամանակ Թրամփը արտակարգ իրավիճակ չհայտարարեց երկրում, ինչը կարող էր նրան թույլ տալ պատի կառուցումը սկսել առանց Կոնգրեսի հաստատման։ Ինչպես վերլուծաբաններն են ասում, ըմբռնելով դրա դժվար հետեւանքները, նա բավարարվեց դեմոկրատների հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին խոսքերով։