Մատչելի հղումներ

 
Դեմոկրատներն ու հանրապետականները չեն հանգել համաձայնության

Դեմոկրատներն ու հանրապետականները չեն հանգել համաձայնության


Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ օրենսդիրները չկարողացան հասնել համաձայնության կառավարության ֆինանսավորման հարցում: Նախագահը շարունակում է պահանջել 5 մլրդ դոլար` Մեքսիկայի հետ հարավային սահմանին պատ կառուցելու համար:

Օրերս ԱՄՆ-ի ու Մեքսիակայի սահմանին ամերիկյան սահմանապահները կիրառեցին արցունքաբեր գազ ընդդեմ անօրեն ներգաղթյալների, ովքեր փորձում էին անօրինական հատել ԱՄՆ-ի սահմանը:

Իսկ Վաշինգտոնում այդ ընթացքում շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Նախագահ Թրամփը պահանջում է տրամադրել 5 մլրդ դոլար Մեքսիակայի հետ սահմանային պատ կառուցելու համար: Նախագահը չի ցանկանում գնալ փոխզիջման այս հարցում՝ մերժելով անգամ փոխնախագահ Փենսի առաջարկը 2 ու կես միլիարդ դոլար հատկացնելու մասին:

Վերջերս նախագահը հանդիպել է դեմոկրատ և հանրապետական օրենսդիրների հետ Սպիտակ տանը այս խնդրի քննարկման համար: Հանդիպումը որևէ դրական արդյունք չի գրանցել:

Կողմերը կրկին կհանդիպեն ուրբաթ օրը, Նենսի Փելոսիի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում ընտրվելուց հետո:

Հիշեցնենք, որ վերջին ընտրությունների արդյունքում դեմոկրատները վերահսկողություն սահմանեցին Ներկայացուցիչների պալատի նկատմամբ: Նրանք նախատեսում են անցկացնել մի շարք օրինագծեր, որոնք մասամբ կապահովեն մի շարք պետական հաստատությունների ֆինանսավորումը:

Սակայն անգամ եթե այդ նախագծերը անցկացվի ստորին պալատում և հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող Սենատում, ընդունված օրինագծերը կարող են արգելափակվել նախագահ Թրամփի կողմից: Վերջինս վճռական է տրամադրված և ամենայն հավանականությամբ կկիրառի իր վետոյի իրավունքը:

Արդեն երկրորդ շաբաթն է, որ ամերիկյան կառավարությունը մասամբ չի գործում: Շուրջ 800 հազար պետծառայողներ չեն աշխատում կամ շարունակում են աշխատել առանց վարձատրության:

Facebook Forum

XS
SM
MD
LG