Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում շարունակում են մասնակիորեն փակ մնալ դաշնային հաստատությունները


ԱՄՆ-ում շարունակվում է կառավարության աշխատանքների մասնակի դադարեցումը։ Ուրբաթ կեսօրին՝ պետական հաստատությունների փակման 7-րդ օրը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվում Մեքսիկայի հետ սահմանի վրա պատ կառուցելու համար բյուջե հաստատելու նպատակով Կոնգրեսին ներկայացված իր պահանջից։

Դաշնային կառավարությունն այստեղ մասնակիորեն դադարեցրեց աշխատանքները անցյալ շաբաթվանից, քանի որ պատի կառուցման շուրջ առկա տարաձայնությունների պատճառով համաձայնություն չի կայացվում Թրամփի ու Կոնգրեսի միջեւ, որտեղ դեմոկրատները, ինչպես նաեւ հանրապետականների մի մասը համաձայն չեն, որ պետական բյուջեից 5 միլիարդ դոլար հատկացվի պատի կառուցմանը։ Հիշեցնենք, որ ամբողջ սահմանին պատ կառուցելու համար, ըստ հաշվարկների, պահանջվելու է 23 միլիարդ դոլար։

Ներկայացուցիչների պալատը հաստատել է կառավարության աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու առաջարկը, սակայն որոշումը պիտի անցնի նաեւ Սենատ։

Թրամփը պնդում է, թե այս պատը կառուցելու նպատակը անօրինական փախստականների ու թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող անձանց մուտքն ԱՄՆ արգելելն է։

Որպես ԱՄՆ-ի դաշնային գործակալություն, ՝՝Ամերիկայի Ձայնն՛՛ այս օրերին աշխատում է ժամանակավորապես կրճատված աշխատակազմով։

XS
SM
MD
LG