Գվատեմալացի ներգաղթյալ երկու երեխաների մահվան փաստը քաղաքական սուր քննարկումների առիթ է դարձել Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Քըրսթյեն Նիելսոնը այցելել է սահմանյին գոտի՝ խնդրին ավելի մոտ ծանոթանալու համար:
Ըստ իշխանությունների տրամադրած տեղեկության, 8-ամյա Ֆելիպ Գոմեզ Ալոնզոն մահացել է Սուրբ Ծննդի օրը ժամեր անց, երբ Գվատեմալայի գյուղերից մեկում հողին էին հանձնում մահացած մեկ այլ երեխայի՝ 7-ամյա Ժաքլին Քաալի մարմինը։
Այս ողբերգությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման շուրջ ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, որի արդյունքում դադարեցվել է երկրի կառավարության ֆինանսավորումը: Դեմոկրատ կոնգրեսականները կոչ են արել ներքին գործերի նախարար Նիելսոնին ուշադրություն դարձնել անօրինական ներգաղթյալների համար նախատեսված հաստատություններում առկա իրավիճակին:
Ներքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ վարչակազմը կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ կալանավայրերում նորմալ պայմաններ ապահովելու համար: Նա հայտնել է, որ արդեն ձեռնարկվել են մի շարք քայլեր այդ ուղղությամբ, ներառյալ բժշկական նոր սարքավորումների տեղադրումը կալանավորվածների համար:
Բժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ 8-ամյա Ալոնզոն մահացել է գրիպից, երբ գտնվում էր ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի կալանավայրում: Բժիշկները սակայն պնդումն են, որ անհրաժեշտ է ավելի խորը հետաքննություն՝ մահվան պատճառները վերջնականապես պարզելու համար:
Այս պահին դեռևս պարզ չեն 7-ամյա Ժաքլինի մահվան հանգամանքները: Ըստ ամերիկյան կողմի, երեխան թերսնվել է մինչև իր ծնողի հետ ամերիկյան կալանավայրում հայտնվելը: Վերջինս ևս անօրինական ներգաղթյալ էր:
Facebook Forum