Մատչելի հղումներ

Ցանկապատ՝ Ղրիմի ու Ուկրաինայի միջև


Ռուսաստանը Ղրիմի սահմանին կառուցել է ցանկապատ՝ բաժանելով այն Ուկրաինայից: Այս մասին հաղորդում է Դաշնային անվտանգության ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարել է Ղրիմի եւ Ուկրաինայի Խերսոնի շրջանի միջեւ 60 կիլոմետր երկարությամբ ցանկապատի կառուցման ավարտի մասին: Սահմանապահների հայտարարության համաձայն, այն հագեցված է ոչ միայն փշալարերով, այլեւ՝ բարձր ճշգրտությամբ սարքավորումներով, ներառյալ գիշերային հսկողության համակարգով: Սահմանապահ ծառայությունը բացատրում է, որ ցանկապատը պետք է արգելափակի Ուկրաինայի դիվերսանտների եւ մաքսանենգների մուտքը Ղրիմ: Ըստ մայոր Ալեքսանդր Ժուկովի, հսկող սարքերը արդեն փորձարկվել են:

«Վերջին խախտումը գրանցվել է օգոստոսի 28-ին այս հատվածում: Այս ազդանշանային համակարգը մեզ թույլ տվեց ժամանակին արձագանքել: Սահմանի պահպանության տեխնիկական այս միջոցները տեսողական սարքավորումների միջոցով հայտնաբերեցին իրավախախտի գտնվելու վայրը: Նա ձերբակալվեց»,- ասում է ՌԴ սահմանապահ ծառայության մայոր Ալեքսանդր Ժուկովը:

Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը 2014 թ. գարնանը: Կիեւը եւ ՄԱԿ-ի անդամ երկրներից շատերը թերակղզին համարում են Ուկրաինայի տարածք:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունում այս ցանկապատի տեղադրումը համարում են ուժի ցուցադրություն:

«Ամենայն հավանականությամբ, սա ավելի շատ քարոզչական քայլ է անվտանգությունն ուժեղացնելու համար, որպեսզի ցույց տան, որ ապագայում դիվերսիոն հետախուզական խմբերը չեն կարողանա ներթափանցել այստեղ: Մեկ անգամ եւս շեշտում եմ, որ դա բացառապես քարոզչություն է: Հուսով եմ, որ ո՛չ այս ցանկապատը, ո՛չ էլ օկուպանտների այլ գործողություններ չեն հանգեցնի Ուկրաինայի քաղաքացիների իրավունքի սահմանափակմանը թերակղզի այցելելու առումով”, - ասում է Ուկրաինայի սահմանապահ ծառայության մամլո խոսնակ Անդրեյ Դեմչենկոն:

Նոյեմբեր ամսվա վերջին Կերչի նեղուցի հակամարտության պատճառով Ուկրաինան ռազմական դրություն էր հաստատել սահմանամերձ տարածքներում եւ արգելում էր Ռուսաստանի քաղաքացի տղամարդկանց մուտքը: Դեկտեմբերի 26-ին արտակարգ դրությունը վերացվեց: Սակայն նախագահ Պետրո Պորոշենկոն միեւնույն ժամանակ ասել է, որ «ռուսական սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել»:

Facebook Forum

XS
SM
MD
LG