Մատչելի հղումներ

Ահաբեկչական գործողություններ և հրթիռակոծումներ ամանորյա այս օրերին


Ամանորյա այս օրերին ահաբեկչական գործողություններ և հրթիռակոծումներ են գրանցվել աշխարհի տարբեր հատվածներում:

Այս օրերին Դաեշ-ի զինյալներն իրականացրել են մի շարք ահաբեկչական գործողություններ տարբեր երկրներում:

Լիբիայում երեքշաբթի օրը հարձակման է ենթարկվել երկրի արտաքին գործերի նախարարությունը: Հարձակման արդյունքում գրանցվել է երեք զոհ:

Դաեշ-ն իր վրա է վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, սակայն դեռևս բացակայում է որևէ անկախ աղբյուրից ստացված ապացույց այս պնդման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ բռնակալ Մոհամար Քադաֆիի իշխանության տապալումից ու նրա սպանությունից հետո 2011 թվականից Լիբիան ապրում է քաղաքական և սոցիալական ճգնաժամի ժամանակաշրջան, որը ուղեկցվում է քաղաքացիական պատերազմով և տարբեր ռազմականացված ուժերի միջև բախումներով:

Այս օրերին մեկ այլ ահաբեկչական գործողություն էլ գրանցվել է Իրաքում, ուր հյուսիսային Թալ Աֆար քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, իսկ 12-ը՝ վիրավորվել: Դաեշ-ը պատասխանատվություն է ստանձնել նաև այս գործողության համար:

Թալ Աֆար քաղաքը նախկինում գտնվել է Դաեշ-ի վերահսկողության ներքո և ազատագրվել է ահաբեկչական խմբավորումից միայն անցած տարի իրաքյան ուժերի միջոցով: Սա Թալ Աֆարում գրանցված առաջին հարձակումն էր քաղաքի ազատագրումից ի վեր:

Անհանգիստ էր նաև Սիրիայում: Սիրիայի պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կառավարական ուժերի երեք զինվորներ վիրավորվել են Իսրայելի ռազմական պահեստի վրա իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով: Դրա հետ մեկտեղ գործակալությունը պնդում է, որ Սիրիայի հակաօդային ուժերին հաջողվել է վնասազերծել Դամասկոսից ոչ հեռու գտնվող պահեստների ուղղությամբ արձակված հրթիռների մեծ մասը՝ այսպիսով նվազագույնի հասցնելով վնասի աստիճանը:

Այս տեղեկությունը հայտնի է դարձել ԱՄՆ-ի նախագահի՝ Սիրիայից զորքերի դուրս բերման որոշումից օրեր անց:

Facebook Forum

XS
SM
MD
LG