Մատչելի հղումներ

Երկու Կորեաները ազդարարեցին ենթակառուցվածքների վերամիավորման մասին


Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեայի Քեյսոնգ քաղաքում տեղի ունեցավ երկու Կորեաների երկաթուղիների եւ մայրուղիների միավորման նախագծի մեկնարկին նվիրված միջոցառում, որին մասնակցել են այդ երկրների պատվիրակությունները, ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները:

Հյուսիսային եւ Հարավային Կորեայից ժամանած պատվիրակությունները չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեայի Քեյսոնգ քաղաքում ազդարարեցին երկու երկրների երկաթուղիների եւ մայրուղիների միավորման նախագծի մեկնարկի մասին: Հոկտեմբերին երկու երկրների ներկայացուցիչները համաձայնության էին հասել այս հարցում:

«Մենք լավ գիտակցում ենք, որ դա պարզապես ճանապարհների ֆիզիկական միացում չէ: Այս ճանապարհով կտեղաշարժվեն մարդիկ և կտեղափոխվեն ապրանքներ: Կորեաների միջեւ երկկողմ փոխհարաբերությունները կամրապնդվեն տարբեր ոլորտներում, այդ թվում` մշակույթի, սպորտի, զբոսաշրջության, անտառային տնտեսության եւ առողջապահության»,- ասել է Հարավային Կորեայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կիմ Հյուն Մեն:

Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները: Արարողությանը ներկա էին նաև Հարավային Կորեայի բնակիչներ, որոնք ստիպված են եղել լքել Հյուսիսային Կորեան 1950-53 թթ պատերազմից հետո: Նրանք չէին զսպում իրենց ուրախությունը: Մասնակիցների թվում էր 86 ամյա Կիմ Քըմ Օքը, ով պատերազմի օրերին ստիպված է լքել իր հայրենի քաղաքը, սակայն այժմ երջանիկ է, որ հնարավուրություն է ստացել վերադառնալ այստեղ:

Միջոցառումը կրում էր խորհդանշական բնույթ: Պաշտոնապես ենթակառուցվածքների կառուցումը դեռեւս չի կարող սկսվել, քանի որ Փհենյանը շարունակում է մնալ արեւմտյան պատժամիջոցների ներքո: Սակայն երկու պատվիրակությունների անդամները, կարծես, մեծ ուշադրություն չեն դարձնում այդ փաստի վրա:

«Այս նախագծի արդյունքները կախված են մեր ժողովրդի կամքից եւ ոգուց: Երբեք չենք կարող վերամիավորվել, եթե անհանգստանանք եւ մտահոգվենք, թե ինչ են մտածում ուրիշները», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի երկաթգծի փոխնախարար Կիմ Յուն Հեքը:

ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի պատժամիջոցները կպահպանվեն մինչև Հյուսիսային Կորեայի վերջնական և ամբողջական ապամիջուկայնացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG