Քրիստոնեական Կաթոլիկ Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Սուրբծննդյան իր ուղերձում Եկեղեցու առաջնորդ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ասել է, թե ցանկանում է, որ տարին լինի մարդկանց, ժողովուրդների եւ պետությունների միջեւ եղբայրության տարի։ Նրա խոսքերով, նման կերպ խաղաղություն կարող է հաստատվել իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ, խաղաղություն նման կերպ կհաստատվի Սիրիայում, Եմենում ու աշխարհի այն բոլոր հատվածներում, որտեղ շարունակվում են պատերազմներն ու բռնությունները։
՝՝Աստծո Որդին մեզ ասում է, որ փրկությունը գալիս է մեր սիրո, միմյանց նկատմամբ հարգանքի, միմյանց հանդուրժելու եւ ընդունելու միջոցով։ Չէ որ այս աշխարհում մենք բոլորս եղբայրներ ենք ու քույրեր՛՛, ասել է Ֆրանցիսկոս Պապը։
Խոսելով աֆրիկյան երկրների մասին՝ Հռոմի Պապն իր հույսի խոսքերն է հղել միլիոնավոր փախստականներին ու մարդասիրական օգնության կարիք ունեցողներին։ Հայտնել է հույս ու ցանկություն, որ կլռի զենքի աղմուկը՝ թույլ տալու համար եղբայրության մթնոլորտի տարածմանն ամբողջ մայրցամաքում։