՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան
«Մարտի1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Այդ մասին գրությունը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) օրերս էստացել Ռուսաստանից, «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը, հավելելով, որ լրացուցիչ հարցում են ուղարկել՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։
Ըստ «Ինտերֆաքս»-ի, ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ 2002 թվականից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:
«Լրացուցիչ հարցում է ուղարկվել՝ պարզելու, թե Միքայել Հարությունյանը երբվանից է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի», - նշեց Մարինա Օհանջանյանը։
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հարությունյանը հետախուզման մեջ է հայաստանյան իրավապահների կողմից: Հենց նրա ստորագրությունն է դրված հույժ գաղտնի 0038 հրամանի տակ, որով, ըստ ՀՔԾ-ի, բանակը 2008-ին ներգրավվել է Երևանում ծավալված ընդդիմության հանրահավաքները ցրելու գործողություններում:
Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել էին Հայաստանի ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։
Իրավաբան Գևորգ Գյոզալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ռուսաստանը, հղում անելով Սահմանադրությանը, իր քաղաքացուն չի արտահանձնի, բայց հայաստանյան իրավապահները կարող են նրա մասով քրեական գործն ուղարկել Ռուսաստան։
«Նրանց մոտ հստակ կա արգելք, որ նա ենթակա չէ այլ պետության հանձնման։ Այսինքն՝ նա իր քաղաքացուն պահելու է այսպես թե այնպես, բայց եթե իր քաղաքացին այլ երկրում հանցագործություն է կատարել, ապա այդ համապատասխան փաստաթղթերն ու մնացած ամեն ինչը, համագործակցելով այդ երկրի իրավապահների հետ, դա չի նշանակում, որ նա ազատվում է այդ հանցագործության համար պատասխանատվությունից։ Այստեղ խնդիր է ուղղակի, որ նրանց իրավապահ մարմիններն են քննելու այդ գործը՝ ներառյալ դատարանը», - նշեց Գյոզալյանը։