Մատչելի հղումներ

Մանվել Գրիգորյանի հիվանդությունները էնպիսին չէին, որոնք անհամատեղելի լինեին կալանքի հետ. Գլխավոր դատախազ


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Գլխավոր դատախազությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որ այսօր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ բողոքը մուտքագրվի վերաքննիչ ատյան։ Այս մասին հայտնեց անձամբ գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը հանդիպեց դատախազություն շենքի առջև ցույց անող քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին բողոքում են ԵԿՄ նախկին նախագահին ազատ արձակելու դեմ։

Ուրբաթ ուշ երեկոյան Գրիգորյանը դուրս եկավ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա կալանքը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։

Որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները, սակայն Դավթյանի խոսքով՝ այդ փաստը իրենց համար համոզիչ չէ։

«Մենք գտնում ենք, որ նրա հիվանդությունները էնպիսին չէին, որոնք անհամատեղելի լինեին կալանքի հետ։ Այն հիվանդությունները, որոնցով տառապում է մեղադրյալը, դրանցով, որպեսզի համատեղելիությունը պարզվի, նշանակված է փորձաքննություն, այդ փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա», - նշեց դատախազը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք անձեռմխելիությունից զրկված պատգամավոր Գրիգորյանը կարող է ազատության մեջ գտնվելով խոչընդոտել նախաքննությանը, Դավթյանը պատասխանեց. - «Մենք տեսնում ենք այդ հիմքերը, որ ազատության մեջ մնալով կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովի: Մենք այդ կանխատեսումները հիմնավորում ենք»։

Արթուր Դավթյանի խոսքով, հաշվի առնելով հանրային պահանջը, դատախազությունը սահմանված ժամկետից արագ է պատրաստել բողոքը։ Հավաքված քաղաքացիներին, որոնք ցանկանում են հնարավորինս շուտ Գրիգորյանին տեսնել անազատության մեջ, դատախազը նաև բացատրեց, որ մեղադրող կողմի բողոքը քննելու որոշումը վերաքննիչ ատյանը կայացնում է եռօրյա ժամկետում։

«Ես ուզում եմ մի բան հասկանանք՝ սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ», - ընդգծեց Դավթյանը։

Նա նշեց, որ նախաքննությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ ու նշանակված են փորձաքննություններ։ Նաև չբացառեց, որ դրանց արդյունքում Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել։

ԱԺ պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

XS
SM
MD
LG