Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները դիմել են երկրի պետքարտուղարին


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ջեքի Սփիեռը, Դեյվիդ Թրոթը, Ֆրենք Փալլոնեն, Դեյվիդ Վալադաոն ու փոխհամանախագահներ Ադամ Շիֆն ու Գաս Բիլիրակիսը նամակով դիմել եմ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի վերաբերյալ: Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ-ի պետքարտուղարին այս հանձնախումբը վերածել ռազմավարական երկխոսության մի հարթակի՝ հաշվի առնելով Հայաստանի հետ երկկողմ կապերն ու հայ և ամերիկացի ժողովուրդների միջև առկա բարեկամությունը՝ հիմնված միասնական շահերի ու արժեքների վրա:

Նամակում կոնգրեսականներն ընդգծում են, որ Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունները հանդես են եկել որպես ժողովրդավարական զարգացման մոդել և իրենց հետևում են թողել հետխորհրդային մեծաթիվ երկրներ ՝ ձևավորելով միջազգային չափանիշներ` խաղաղ, քաղաքացիական հասարակության և Սահմանադրության վրա հիմնված իշխանության փոխանցման համար:

«Մեզ անխոս ոգևորել էր այս նշանավոր իրադարձությունների վերաբերյալ Սպիտակ տան և պետքարտուղարության դրական արձագանքը: Այս առաջընթացի հետ կապված ձեռքբերումը պատկանում է հայ ժողովրդին, սակայն որպես ամերիկացիներ, մենք կարող ենք հպարտանալ վերջին 20 տարում մեր ունեցած դերակատարության համար ի դեմս օգնության բաշխման և հատկացման, որի միջոցով համապատասխան գործիքակազմ տրամադրվեց և պայմաններ ստեղծվեցին քաղաքացիներին ներգրավելու, սեփական ապագան իրենց ձեռքը վերցնելու համար»,- ընդգծել են ամերիկացի կոնգրեսականները:

Նամակում վերջիններս ընդգծում են, որ եկել է ժամանակը հայ-ամերիկյան հարաբերությունները հաջորդ մակարդակի վրա տեղափոխելու համար քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում: Նրանք ընդգծում են հայ-ամերիկյան համագործակցության աշխուժացման հարցում Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի կարևորությունը որպես երկկողմ նպատակների և քաղաքականության ձևավորման կարևոր մի հարթակ, որը պետք է կենտրոնանա հստակ երկկողմ նախաձեռնությունների վրա՝ գրանցելով միջնաժամկետ և կարճաժամկետ առաջընթաց հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ:

Կոնգրեսականները կոչ են անում խմբի հաջորդ նիստը հասցնել ռազմավարական երկխոսության մակարդակի, որը կաջակցի և կկարգավորի բարձր մակարդակի երկխոսությունը երկրների միջև: Բացի այդ, նրանք կոչ են անում կոռուպցիայի դեմ պայքարում մեծացնել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, քաղաքացիական հասարակության ամրապնդման և անկախ մամուլի կայացման ուղղությամբ ստեղծելով աշխատանքային խմբեր և մեխանիզմներ բարեփոխումների խորացման համար: Ամերիկացի օրենսդիրները մատնանշել են մի շարք նախաձեռնություններ, որոնց, ըստ կոնգրեսականների, անհրաժեշտ է տալ առաջնահերթություն, ներառյալ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև առևտրային առաքելությունների ստեծումը, Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթի բացումը, կրկնակի հարկման բացառման վերաբերյալ համաձայնագիրը և այլն:

Նրանք կոչ են արել պետքարտուղարությանը հաշվի առնել Հայաստանի շրջափակման փաստը, որը զգալիորեն վնասում է երկրի տնտեսությունը: Իսկ մարդասիրական օգնության տեսանկյունից կոնգրեսականներն ընդգծել են Հայաստանի ներդրումը տարածաշրջանում փախստականների համար անվտանգ գոտի հանդիսանալու հարցում և Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղության համագործակցությանն ու ԱՄՆ-ի գլխավորած գլոբալ խաղաղապահ առաքելությանը՝ կոչ անելով ընդլայնել հայ-ամերիկյան ռազմական համագործացությունը:

«Քանի որ Դուք նախապատրաստվում եք Վաշինգտոնում անցկացնել Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հաջորդ տարեկան նիստը, մենք խնդրում ենք տրամադրել մանրամասներ Ձեր ներգրավման առաջնահերթությունների և Հայաստանի հետ առկա երկկողմ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ Ձեր ունեցած մոտեցումների մասին», նշել են կոնգրեսականները:

Նրանք երախտագիտություն են հայտնել պետքարտուղարին իրենց առաջարկությունների նկատմամբ ուշադրության համար՝ ընդգծելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու իրենց պատրաստակամությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG