Մատչելի հղումներ

Մոսկվան արժանի պատասխան կտա Վաշինգտոնին. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչինչ չի խանգարում Ռուսաստանին և ԱՄՆ-ին բանակցել այլ երկրների հետ զենք վերահսկողության միջուկային համաձայնագրին միանալու համար, որն այս պահին վտանգված է:

Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ը Ռուսաստանին է ներկայացրել 60 օրյա վերջնագիր Վաշինգտոնի կողմից Մոսկվային հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ, ըստ որի ռուսական կողմը խախտում է միջին հեռահարության միջուկային զենքի մասին կողմերի միջև համաձայնագիրը:

Այս համաձայնագրի շնորհիվ միջուկային հրթիռները չեն տեղակայվել Եվրոպայում: Վաշինգտոնը սպառնացել է, որ կլքի համաձայնագիրը, եթե Մոսկվան, ըստ ամերիկյան կողմի, իր գործողությունները չհամապատասխանեցնի համաձայնագրին:

Ռուսական կողմն իր հերթին հերքում է համաձայնագրի խախտումն ու մեղադրում ԱՄՆ-ին այն խախտելու մեջ:

Երկու կողմերը ընդգծում են, որ այլ երկրներ հնարավորություն ունեն զարգացնել համաձայնագրով արգելված զինատեսակները: Վաշինգտոնը մասնավորապես մտահոգություն է հայտնում Չինաստանի հարցում: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը զգուշացվրել է Մոսկվային, որ Պեկինն իր զինատեսակներով հնարավորություն ունի հարվածել Ռուսաստանի սրտին:

«Այո, իրոք համաձայնագրի շուրջ կան խնդիրներ: Այլ երկրներ, որոնք կարող են զարգացնել միջին հեռահարության հրթիռներ, համաձայնագրի մաս չեն կազմում: Սակայն ինչն է մեզ խանգարում սկսել բանակցել, որպեսզի վերջիններս ևս միանան համաձայնագրին կամ սկսեն բանակցել նոր համաձայնագրի շուրջ», ասել է նախագահ Պուտինը պաշտպանության նախարարությունում հանդիպման ժամանակ:

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է հանգիստ տեղակայել միջին հեռահարության հրթիռներ, եթե Վաշինգտոնը իրականացնի իր սպառնալիքը և լքի համաձայնագիրը:

«Եթե նրանց սպառնալիքը դառնա իրականություն, ապա մենք պետք է համաչափ պատասխան տանք: Մենք ունենք ցամաքային ու ծովային համակարգեր և չեմ կարծում, որ մեծ դժվարություն կներկայացնի դրանք տեղակայել ցամաքի վրա»,- ասել է նախագահ Պուտինը:

Չնայած նա հերքում է, որ իր երկիրը խախտել է միջուկային համաձայնագիրը, Պուտինը տեղեկացրել է նոր զինատեսակների ստեղծման և դրանք արագորեն պատրաստ իրավիճակի բերելու հնարավորության մասին, եթե Վաշինգտոնը լքի համաձայնագիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG