Մատչելի հղումներ

‘’ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտահանձնելու հարցը’’. Չավուշօղլու


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս վստահեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, որ Վաշինգտոնը քննարկում է մահմեդական հոգեւորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Ամերիկյան CNBC կայանին տված հարցազրույցում նա ասել է, թե Թրամփը Էրդողանին Մեծ քսանյակի գագաթաժողովի ժամանակ է հայտնել, որ ‘’ԱՄՆ-ը աշխատում է Գյուլենին ու այլոց արտահանձնելու հարցը’’:

Չավուշօղլուի խոսքերով, ինքը նկատում է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից երկրի մի քանի նահանգներում իրականացվող հսկայական աշխատանքը, ինչի արդյունքում ‘’հստակ երեւում են Գյուլենի կազմակերպության մութ կողմերը եւ թե ինչպես են նրանք ոտնահարել ամերիկյան օրենքները’’:

Հիշեցնենք, որ Գյուլենին ու նրա կողմնակիցներին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016 թվականին Թուրքիայի հեղաշրջման փորձի կազմակերպիչների շարքում լինելու մեջ:

77-ամյա Գյուլենը, որը ժամանակին եղել է Էրդողանի ջերմ աջակիցը, արդեն երկու տասնամյակ բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Վաշինգտոնը մինչ այժմ մերժում էր նրան Թուրքիային հանձնելու Անկարայի պահանջը:

Հեղաշրջման փորձի ձախողումից հետո Էրդողանը հրամայել էր ձերբակալել հազարավոր մարդկանց, այդ թվում գիտական աշխատողների, լրագրողների ու պետական ծառայողների: Մինչ այժմ 77 հազար մարդ է ձերբակալվել, 160 հազար մարդ զրկվել է աշխատանքից:

Գյուլենը պարբերաբար է պնդել հեղաշրջման հետ առնչություն չունենալու մասին:

Էրդողանն անցյալ շաբաթ էր հայտարարել, որ իր կառավարությունը նոր եռանդով է թիրախավորելու Գյուլենի աջակիցների ֆինանսավորումը:

XS
SM
MD
LG