Մատչելի հղումներ

«Թաքնված հերոսներ»՝ այսպես են ԱՄՆ-ում անվանում վիրավոր զինվորականների ընտանիքի խնամակալ անդամներին


Վիրավոր զինվորականին խնամելը հեշտ չէ: Միացյալ Նահանգներում վիրավոր զինվորականների խնամակալ ընտանիքի անդամներին տրվում են հատուկ արտոնություններ: Նախաձեռնությունը կոչվում է թաքնված հերոսներ:

Ծնողը կամ ամուսինը, ով խնամում է հայրենիքի պարտքը կատարելիս վիրավորված կամ հաշմանդամ դարձած զինվորին կատարում է ոչ միայն անձնական այլեւ՝ հանրային սխրանք: Նրանք բոլորը թաքնված հերոսներ են, համոզված է Էլիզաբեթ Դոլը՝ նախկին սենատոր եւ ազդեցիկ գործիչ, ով նաեւ հայտնի Բոբ Դոլի տիկինն է: Դեռեւս 30 տարի առաջ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Դոլ ընտանիքն առաջիններից էր, ով օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին:

Այսօր Էլիզաբեթ Դոլը փորձում է օգնել նրանց, ում հերոսություն աննկատ էր, մարդկանց, ովքեր խնամում են վիրավոր կամ հաշմանդամ դարձած զինվորական հարազատներին.

«Երկրից, որը գաղափար չուներ իր 5.5 միլիոն թաքնված հերոսների մասին մենք դառնում ենք Ամերիկա, որտեղ այս հերոսները ճանաչված են եւ աջակցություն են վայելում»:

Միացյալ Նահանգներում Էլիզաբեթ Դոլի հիմնադրամի եւ այլ կազմակերպությունների շնորհիվ վերջին տասնամյակում մի շարք օրենքներ են ընդունվել, որոնք թույլ են տալիս զինվորական ծառայության ընթացքում վիրավորված կամ հաշմանդամ դարձած զինվորականների ընտանիքի անդամ խնամակալներին օգտվել հարկային եւ այլ արտոնություններից եւ պետությունից աջակցություն ստանալ: Այս ամենն անհնար կլիներ առանց իրական առաջնորդների աջակցության, ընդգծում է Դոլը.

«Առաջնորդները, որոնք գալիս են ծառայելու, մարդկանց գնահատում են: Նրանք փորձում են հասկանալ մարդկանց կարիքները, կարողանում են մակերեսային բաժանարար գծերից վեր կանգնել եւ ի վերջո հանրության կարիքներն առավել արդյունավետ են կարգավորում»:

Վաշինգտոնում անցած բարեգործական երեկոյին մասնակցած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ, իսկ մոտ ապագայում՝ պալատի խոսնակ Նենսի Փելոսին հիշեցնելով, որ հենց զինվորական կանանց եւ տղամարդկանց շնորհիվ է, որ երկրի մյուս քաղաքացիները կարող են գիշերը հանգիստ քնել, կոչ արեց չմոռանալ նաեւ զինվորականների հարազատների անտեսանելի հերոսությունները.

«Դուք Ամերիկայի թաքնված հերոսներն եք եւ մեր ազգը ձեզ պարտական է: Սակայն, ի շնորհիվ Էլիզաբեթ Դոլի, դուք այլեւս թաքնված չեք, ձեր սխրանքի մասին գիտեն բոլորը»:

Փելոսին այլ կոնգրեսականների հետ միասին կարեւոր դեր է ունեցել վիրավոր եւ հաշմանդամ դարձած զինվորականների ընտանիքի խնամակալ անդամներին արտոնություններ տրամադրելու օրենքների մշակման մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG