Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը կարող է ստիպված լինել ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը


Դոնալդ Թրամփն ու դեմոկրատների առաջնորդները բանավիճել են Սպիտակ տանը սահմանային պատի կառուցման հարցի վերաբերյալ: Այս հարցի շուրջ անհամաձայնությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի պետական մարմինների գործունեության ժամանակավոր դադարեցման, որի արդյունքում մասամբ կդադարեցվի պետական ֆինանսավորումը:

Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում տեղի ունեցավ նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների առաջնորդներ Նենսի Փելոսիի ու Չաք Շումերի հանդիպումը, որի հիմնական թեման անհամաձայնությունն է ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև պատի կառուցման ֆինանսավորման շուրջ: Նախագահը սպառնում է, որ պատի ֆինանսավորումը չհաստատվելու դեպքում վարչակազմը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի դաշնային կառավարության գործունեությունը:

ԱՄՆ-ի նախագահը պնդում է, որ այդ պատի առկայությունը զգալիորեն մեծացնում է Միացյալ Նահանգների սահմանների պաշտպանությունը անօրինական ներգաղթյալներից ու հանցավոր տարրերից: Դեմոկրատները պնդում են, որ այն անարդյունավետ է և չափազանց ծախսատար:

«Մեզ անհրաժեշտ է երկխոսություն փաստերի հիման վրա։ Ինչն է աշխատում, որքան գումար է ծախսվել և որքան արդյունավետ է դա: Դա վերաբերվում է մեր պետության անվտանգությանը»,- ասում է Նենսի Փելոսին:

Հանրային այս բանավեճն արձանագրում է, որ երկու կուսակցությունները դեռևս չեն եկել համաձայնության բյուջեի հաստատումից օրեր առաջ:

«Մենք նախագահին առաջարկեցինք երկու տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը կստանար ձայների մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում և թույլ կտար խուսափել դաշնային կառավարության գործունեություն դադարեցումից: Հուսանք նա կհամաձայնվի, քանի որ փակումը կանդրադառնա շատ մարդկանց վրա»,- ասել է սենատոր Չաք Շումերը:

Դեմոկրատներն առաջարկել են Թրամփին 1,3 միլիարդ դոլար սահմանային պաշտպանության համար: Հանրապետականները պնդում են, որ դա բավարար չէ: Նախագահ Թրամփը ցանկանում է ստանալ 5 միլիարդ դոլար, որն իր մեջ կներառի սահմանային պատի կառուցման հետ կապված ծախսերը:

«Խորհրդարանական գալիք մեծամասնության փաստարկները սահմանային անվտանգության մասին ծիծաղելի են: Դա աբսուրդ է: Մենք ցանկանում ենք ապահովել սահմանային անվտանգությունը, սակայն ինչպես գիտեք դրա համար անհրաժեշտ է ունենալ 60 ձայն Սենատում»,- նշել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Դա նշանակում է, որ չնայած հանրապետականների մեծամասնությանը Սենատում, նրանց անհրաժեշտ է ստանալ դեմոկրատների ձայներ բյուջեի հաստատման համար:

Եթե տարեվերջում կառավարությունը փակվի, դա կլինի երրորդ դեպքը 2018 թվականի ընթացքում: Կառավարության փակմամբ մասնակիորեն կդադարեցվի ֆինանսավորումը միլիոնավոր պետական ծառայողների և պետական ծրագրերի ու ծառայությունների: Բացառություն են կազմում անվտանգության և պաշտպանության պետական մարմինները: Կառավարության փակումը կանդրադառնա միլիոնավոր պետական ծառայողների վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG