Մատչելի հղումներ

Կենտրոնական Ասիան՝ Մոսկվայի, Պեկինի ու Վաշինգտոնի շահերի խաչմերուկում


Ատլնատյան խորհուրդ հաստատությունը օրերս քննարկում էր կազմակերպել նվիրված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկման հիմքում էր խոշոր տերությունների շահերն այս տարածաշրջանում:

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը գտնվում է խորհրդային կարգերից հետո ամենախոշոր տնտեսական անցումային փուլում, նշում է International Tax and Investment-ի զեկույցն այս տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման մասին: Զեկույցի հեղինակներից վերլուծաբան Արիել Քոհենը ընդգծում է, որ ենթակառուցվածքների զարգացումները, հատկապես Կենտրոնական Ասիայում, անմիջական կապ ունեն աշխարհաքաղաքական զարգացումների հետ:

«Աշխարհի այդ հատվածում Չինաստանը ունի փող, Ռուսաստանը՝ ազդեցություն, իսկ ԱՄՆ-ը ժամանակակից տեխնոլոգիաներ ու միջոցներ, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի շատ ականատես ենք լինում, որ Չինաստանը ստանձնում է այս կամ այն նախագծի պատասխանատվությունը տարածաշրջանում»,- ասում է վերլուծաբան Արիել Քոհենը:

Մոսկվայի, Վաշինգտոնի ու Պեկինի շահերի խաչմերուկում գտնվող այս տարածաշրջանում ակնհայտ է խոշոր տերությունների միջև մրցակցությունը, որն, ըստ Քոհենի, ցանկալի է կրի խաղաղ բնույթ: Տարածաշրջանի զարգացումն ըստ վերլուծաբանի կախված է թե ինչպիսի քաղաքակոնւյուն կորդեգրեմն Մոսկվան ու Պեկինը հաջորդ տասնամյակներում:

Դեսպան Ջոն Հերբսթն էլ իր հերթին ընդգծում է Վաշինգտոնի կարևորև դերն այս տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցում:

«ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ընդգրկվի տարածաշրջանում, քանի որ Կենտրոնական Ասիան սահմանակից է մեծ տերություններին և այս տարածաշրջանում կարող է հաստատվել անկայունություն, եթե այդ տերությունները որդեգրեն ագրեսիվ քաղաքականություն»,- ասում է Հերբսթը:

Նա մտահոգիչ է համարում այստեղ Չինաստանի արագընթաց զարգացումը և քննադատում Մոսկվային Չինաստանից եկող սպառնալիքը անտեսելու համար: Մոսկվան, ըստ Հերբսթի, ավելի շատ պետք է մտածի, թե ինչպես ԱՄՆ-ի հետ հակազդի Չինաստանին: Ըստ Հերբսթի, չափազանց կարևոր է, որ այս տարածաշրջանի երկրները լինեն անկախ և կայուն:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Էմիլիա Փումանն իր հերթին ընդգծեց Կենտրոնական Ասիայի երկրների անկախության, սուվերենության և տարածքային ամբողջականության կարևորությունը ԱՄՆ-ի համար: Տարածաշրջանային զարգացումներն, ըստ դիվանագետի, հուսադրող են՝ հաշվի առնելով, օրինակ, Ուզբեկստանում տեղի ունեցած փոփոխությունները: Ըստ Փումանի, տարածաշրջանային երկրների համագործակցության ամրապնդումն ամերիկյան քաղաքականության նպատակներից է: Կենտրոնական Ասիայի երկրների միջև հարաբերությունների բարելավման ու համագործակցության զարգացման կարևորությունն ընդգծեցին նաև այլ բանախոսներ:

Վերլուծաբանները համառոտ անդրադարձան նաև Կովկասյան տարածաշրջանին: Ըստ վերլուծաբան Քոհենի, Չինաստանի աճող ազդեցությունը տարածվում է նաև այս տարածաշրջանում:

«Սա չինական տնտեսական էքսպանսիայի դարաշրջան է, որը ներառում է նաև Կովկասյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը՝ չնայած այն հավաստիացումների, որ օրինակ վրացական Անակլիա նավահանգստում կլինեն մեծամասամբ ամերիկյան ներդրումներ»,- ասում է Քոհենը:

Իսկ դեսպան Ջոն Հերբսթն էլ պատասխանեց Վրաստանում և Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին հարցերին:

«Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առաջ գալն ու նրա առաքելությունն ակնհայտ դրական ազդեցություն ունի երկրի համար ...Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա վերջին 25 տարիների ընթացքում այստեղ ձևավորվել էր բավականին ամուր ժողովրդավարական ավանդույթ: Վստահ չեմ, որ այս վերջին ընտրությունները որևէ կերպ նպաստել են այդ ավանդույթի պահպանմանը»,- ասել է դեսպան Հերբսթը:

Facebook Forum

XS
SM
MD
LG