Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան՝ մեծ խնդրի առջեւ


Մեծ Բրիտանիան՝ մեծ խնդրի առջեւ
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոր հանդիպումներ է ցանկանում ունենալ Եվրոպական միության ղեկավարների հետ այն բանից հետո, երբ իր երկրի խորհրդարանը հրաժարվեց հաստատել Միությունից դուրս գալու հարցով Բրյուսելի հետ իր կնքած գործարքը։ Դրա արդյունքում մեծանում է հավանականությունը, որ Մեծ Բրիտանիան մարտի 29-ին դուրս կգա Եվրոպական միությունից, առանց մնացյալ 27 անդամ պետությունների հետ հետագա կապերի մասին ծրագրի։ Մեյը Բրյուսելում փորձելու է նոր երաշխիքներ ստանալ, որ Բրէքզիթի, այսինքն՝ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու դեպքում չեն հաստատվի ֆիզիկական սահմաններ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի եւ անկախ Իռլանդիայի Հանրապետության միջեւ։ Բայց Մեյը հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում, երբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարում է, թե 18 ամիս տեւած բանակցությունների արդյունքում կնքված գործարքից հետո չի կնքվելու այլ գործարք։


Դրամական շուկայում ֆունտ ստերլինգի կտրուկ անկումը թույլ է տալիս ոմանց հավատալ, որ խորհրդարանի անդամները գուցե ստիպված կլինեն մեկ անգամ եւս մտածել Մեյի կնքած գործարքը հաստատելու մասին։ Կա նաեւ այն կարծիքը, որ գործարքը մերժելու արդյունքում խորհրդարանի անդամների մեծամասնությունը կարող է նույնիսկ բարձրացնել երկրում նոր հանրաքվե անցկացնելու հարց։

Խորհրդարանի այն անդամները, որոնք դեմ են քվեարկել Մեյի կնքած գործարքին, ասում են, թե վարչապետը Բրյուսելից պիտի վերադառնա իռլանդական սահմանի շուրջ գործարքում նոր փոփոխություններով։ Հակառակ դեպքում, ասում են նրանք, իրենք անվստահության քվե կհայտնեն նրա կառավարությանը, կամ էլ նրան այս պաշտոնից կհեռացնի իր իսկ պահպանողական կուսակցությունը։
Երկուսուկես տարի է անցել այն օրից, երբ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հանրաքվեի արդյունքում որոշեցին իրենց երկիրը դուրս բերել Եվրոպական միության կազմից։ Սակայն մինչ այսօր քաղաքական գործիչները համաձայնության չեն գալիս դուրս գալու գործընթացի շուրջ, երկրի բնակչությունն էլ ցույց չի տալիս դուրս գալու հարցով միմյանց միջեւ առկա խորը տարանջատումը մեղմելու որեւէ նշան։

XS
SM
MD
LG