Մատչելի հղումներ

ՄԻՊ աշխատակազմն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ


MIP
MIP

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ահազանգերը վերաբերել են ոչ միայն ընտրատեղամասի մատչելիությանը և կահավորմանը, տեխնիկական սարքավորումների անսարքությանը, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, այլ նաև գաղտնի քվեարկության իրավունքի իրացմանը, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումներին, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխությանը, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինությանը:

Պարբերաբար ահազանգեր են գրանցվել տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրն ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող հարցերը:

Անհրաժեշտ բոլոր դեպքերով տրվել են լիարժեք խորհրդավտվություններ: Ըստ կոնկրետ դեպքերի՝ ստացվել են պարզաբանումներ իրավասու մարմիններից, այդ թվում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներից և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից:

Աշխատանքային խմբի կողմից առանձին ուսումնասիրվել և վերլուծվել են լրատվամիջոցներում Երևանի և մարզերի տեղամասերում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ տեղ գտած ավելի քան 870 հրապարակումներ:

Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել լրագրողների և դիտորդների գործունեությանն առնչվող հրապարակումները:

Ստացված հաղորդումների և արձանագրված հրապարակումների արդյունքներով անհրաժեշտ պարզաբանումների համար գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններ, ներառյալ՝ Գխավոր դատախազություն և Ոստիկանություն:

Բացի այդ, դեկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հրապարակման համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է:

Հարցի առնչությամբ Պաշտպանին դիմել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայր: Տեղի է ունեցել առանձնազրույց տվյալ գործով ձերբակալվածի հետ: Պարզվել է, որ այցի պահին նա դադարեցրած է եղել նախորդ օրը հայտարարած հացադուլը: Միաժամանակ, ստուգվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև հացադուլով պայմանավորված ցուցաբերվող բուժօգնությանն առնչվող հարցերը: Արձանագրվել է, որ ձերբակալված անձն իրացրել է ընտրելու իր իրավունքը:

Ողջ օրվա ընթացքում դիտարկման, ինչպես նաև ահազանգերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են Դատախազության, Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Նշված մարզերից բացի՝ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզեր՝ ընտրական իրավունքների իրացմանն առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով:

XS
SM
MD
LG