Մատչելի հղումներ

Նախագահ Բուշ ավագի վերջին հրաժեշտի արարողությունը գործող նախագահի փոխարեն վարեց Բուշ կրտսերը


Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին հրաժեշտի արարողությունը մայրաքաղաքի ազգային տաճարում, որին մասնակցում էին հանգուցյալի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու քաղաքական վերնախավը: Ներկա էր նաև նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկյան և միջազգային քաղաքական վերնախավը, երկրի առաջնորդները, ընտանիքի անդամներն ու հարազատները ներկա էին ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին հրաժեշտի արարողությանը:

Ներկա էին ԱՄՆ-ի բոլոր ողջ նախկին նախագահները: Ըստ ավանդույթի, միջոցառման հիմնական բանախոսը պետք է լիներ գործող նախագահը, սակայն հանգուցյալի հայտնած ցանկության համաձայն այդ գործառույթը փոխանցվեց նրա որդուն, 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին:

Միջոցառմանը ներկա էր նաև գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի հարաբերությունները այդքան էլ հարթ չեն Բուշ ընտանիքի հետ, որը հատկապես աչքի ընկավ 2016 թվականի նախագահական քարոզարշավի օրերին։

«Երբ մահանում է նախկին նախագահը, որևէ նշանակություն չունի, թե ինչ կարծիքի եք նրա մասին: Ամեն ինչ քողարկված է սգով: Սակայն դա անցողիկ է, և կարծում եմ նախագահ Թրամփի ու Բուշ ընտանիքի հարաբերություններում որևէ փոփոխություն չի արձանագրվի»,- ասում է Ալան Լայթմանը Ամերիկյան համալսարանից:

Սակայն սերն ու հարգանքը դեպի հանգուցյալ նախագահը գերիշխող էր չորեքշաբթի օրը տեղի ունեցած վերջին հրաժեշտի արարողությանը: Նրա թողած ժառանգությունը զգալի է ոչ միայն ԱՄՆ-ում այլ նաև ամբողջ աշխարհում:

Նրա օրոք դադարեցվել է Սառը պատերազմը: Նա նաև առաջնորդել է միջազգային կոալիցիան Սադամ Հուսեյնի դեմ, երբ վերջինս ներխուժել էր Քուվեյթ:

«Բուշը փայլուն գործիչ էր հատկապես անցումային փուլերի համար: Նա գիտակցում էր, որ չկա որևէ կարիք ռուսներին վիրավորելու կամ ճնշում գործադրելու համար, երբ վերջիններս տապալված էին: Դա հետագայում միայն կստեղծեր խնդիրներ»,- ասում է Ռեյգանի և մի շարք այլ նախագահների վարչակազմի նախկին պաշտոնյա Արամ Բաքշյանը:

Հիշեցնենք սակայն , որ չնայած մի շարք հաջողությունների արտաքին քաղաքական ոլորտում, Բուշ ավագը չվերընտրվեց 1992 թվականին ընտրություններին՝ զիջելով Բիլ Քլինթոնին:

«Լինելով փայլուն գործիչ արտաքին քաղաքականության ոլորտում՝ նա չուներ նույն տեսլականը և ունակությունները ներքաղաքական հարցերում: Նա լուրջ արձագանք չտվեց տնտեսական անկմանը, որն արձանագրվեց 1992 թվականի ընտրություններից առաջ»,- ասում է Ալան Լայթմանը:

Վաշինգտոնի ազգային տաճարի զանգերը հնչեցին 41 անգամ՝ խորհրդանշելով նախագահ Բուշ ավագի զբաղեցրած պաշտոնը: Նա հողին կհանձնվի Թեքսասում Ջորջ Բուշի գրադարանի ու թանգարանի տարածքում իր կնոջ՝ Բարբարայի գերեզմանի մոտ, ով մահացել էր այս տարվա ապրիլին:

Facebook Forum

XS
SM
MD
LG