Ջորջ Բուշ ավագը հայ ժողովրդի մեծ բարեկամ էր: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո նա ամերիկյան օգնության հետ միասին Հայաստան է ուղարկում սեփական որդուն եւ թոռանը՝ որպես աջակցության հատուկ խորհրդանիշ: 1991-ին արդեն նախագահ Ջորջ Բուշը աշխարհի առաջին առաջնորդներից է, ով ճանաչում է նորանկախ Հայաստանի Հանրապետությունը:
Այդ տարիներին Սպիտակ տանն աշխատող Արամ Բախշյանը հիշում է Բուշի հատուկ եռանդը երկրաշարժից տուժած Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում.
«Նախագահ Բուշը դրական առումով ագրեսիվորեն առաջ էր մղում Հայաստանին երկրաշարժից հետո լայնածավալ ամերիկյան աջակցություն ցուցաբերելու գաղափարը: Դա հսկայական պատմական գործ էր»:
Հայաստանին ամերիկյան օգնություն ցուցաբերելու խնդիրը բարդանում էր նաեւ այն պատճառով, որ Հայաստանը 1988-ին Խորհրդային Միության կազմում էր եւ Մոսկվայում բոլորին չէր դուր գալիս ամերիկյան ուղիղ օգնությունը միության անդամներից մեկին: Հենց այդ խնդրի կարգավորմանն էին ուղղված Ջորջ Բուշ ավագի ջանքերը, որոնց արդյունքում Միացյալ Նահանգները կարողացավ անխափան օգնություն հասցնել ամենասեղմ ժամկետներում, երբ այն առավել անհրաժեշտ էր.
«Կարծում եմ այդ գործի համար Բուշին կհիշեն Հայաստանում, ինչպես հիշում են Վուդրո Վիլսոնին եւ նա իր տեղը կունենա հայերի սրտում», - նշում է Արամ Բախշյանը:
Նրա աշխատանքային ոճն Արամ Բախշյանը ասպետական է անվանում: Իր համոզմունքներից հետ չէր կանգնում, սակայն, բոլորին, այդ թվում եւ հակառակորդներին հարգանքով էր մոտենում: Չէր սիրում անտեղի ճնշում գործադրել:
«Ինչպես Ռեյգանը Խորհրդային Միության կազմաքանդման լավագույն առաջատարն էր, այդպես Բուշը այդ գործընթացը հնարավորինս սահուն անցկացնելու լավագույն անձնավորությունն էր: Նա ամեն կերպ փորձում էր մեղմել ռուսների զգացմունքները, թույլ չտալ, որ նրանք վիրավորված զգան իրենց, հիշելով, թե ինչ տեղի ունեցավ գերմանացիների հետ առաջին աշխարհամարտից հետո», - նշում է Բախշյանը:
Եթե վերջին երկու տասնամյակում Միացյալ Նահանգներում լիներ Ջորդ Բուշ ավագի հատկություններն ունեցող հզոր բայց նրբանկատ նախագահ, աշխարհը կարող էր այլ կերպ զարգանալ, համոզված է Բախշյանը.
«Ռուսաստանի մոտ չէր լինի այս պառանոյան Միացյալ Նահանգների նկատմամբ, որը, հավանաբար, Պուտինի ագրեսիվ քաղաքականության պատճառներից մեկն է»:
Բախշյանի կարծիքով, Բուշ ավագին չհաջողվեց հաղթել երկրորդ նախագահական ընտրությունները, քանի որ լինելով պարզապես ազնիվ մարդ, նա ազնիվ էր նաեւ քաղաքականության մեջ:
Facebook Forum