Մատչելի հղումներ

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ


Վրաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացնում ընդդեմ նախագահական վերջին ընտրությունների արդյունքների, որոնք ըստ նրանց, կեղծվել են:

Սալոմե Զուրաբշվիլին օրերս ընտրվեց Վրաստանի նախագահի պաշտոնում: Նրան աջակցում էր իշխող կուսակցությունը: Նա դարձավ Վրաստանի առաջին կին նախագահը, ում օգտին քվեարկել է ընտրողների 59 տոկոսը:

Սակայն երկրի ընդդիմությունը հակադրվել է ընտրության արդյունքներին՝ իշխանություններին մեղադրելով մեծ քանակությամբ ընտրական խախտումներ իրականացնելու մեջ: Թբիլիսիում անցավ ընդդիմության բազմահազարանոց բողոքի ցույց:

Զուրաբիշվիլիի հակառակորդ Գրիգոլ Վաշաձեն, դիմելով ցուցարարներին, ընտրություններն անվանել է ''քրեական ֆարս'' և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Նպատակը պարզ է: Մեր Սահմանադրության և օրենսդրության շրջանակում ստիպել այսպես կոչված այս կառավարությանը լսել ժողովրդի ձայնը, որը զայրացած է: Ժողովուրդը դժգոհ է այս ընտրությունների կազմակերպումից, ազատ կամքի, կարծիքի արտահայտման բացակայությունից, ինչպես նաև արդյունքներից, քանի որ բոլորը հասկանում են, որ դրանք կեղծված են և սարքված»,- ասել է Վաշաձեն:

Վաշաձեին աջակցում են նախկին նախագահ Սաակաշվիլիի դաշնակիցները: Վերջինս այժմ գտնվում է Ամստերդամում: Նա վիդեո ուղերձով դիմել է ցույցի մասնակիցներին, ովքեր մեծ ոգևրությամբ ողջունել են նախկին նախագահին:

Հիշեցնենք, որ նախագահի դերը խորհրդանշական է Վրաստանում, սակայն այս ընտրությունները լավ ցուցանիշ են 2020 խորհրդարանական ընտրությունների համար:

Զուրաբիշվիլին հանդես էր գալիս որպես անկախ թեկնածու՝ չնայած իշխող «Վրաստանի երազանք» կուսակցության և նրա առաջնորդ Բիդզինա Իվանիշվիլիի աջակցությանը:

Նրան մեղադրում էին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ արած հակասական մեկնաբանությունների համար, ըստ որի նա ասել էր, որ պատերազմը սկսել է Վրաստանը: Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում, ուր աշխատել է որպես դիվանագետ նախքան Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնի ստանձնումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG