Շուտով կհանդիպեն ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները։ Մեծ քսանյակի շրջանակներում նրանց հանդիպման ընթացքը կամ ավելի կխորացնի առեւտրային խնդիրները, կամ կհարթի առկա տարաձայնությունները։ Դրական կամ բացասական արդյունքը մեծապես կազդի ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ ամբողջ աշխարհի տնտեսության զարգացման ընթացքի վրա։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ առեւտրային կապերը շարունակում է անվանել ՝՝անարդար՛՛։ Եվ չինացի իր պաշտոնակից Սի Ծին Պինին հանդիպելուց մի քանի օր առաջ նա ներկայացնում է այդ երկրի հետ առեւտուրը շարունակելու իր պայմանները։
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք մեղադրում են Չինաստանին մտավոր սեփականության հափշտակման եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամի իր պարտավորությունները ոտնահարելու մեջ։
Ինչպես Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթն է ասում, Մեծ քսանյակի գագաթաժողովում Թրամփն ու նրա պատվիրակության անդամները շեշտը դնելու են համաշխարհային տնտեսական աճի, ազատ, սակայն արդար առեւտրի եւ արդար տնտեսական համագործակցության կարեւորության վրա։
Սակայն չին-ամերիկյան վերջին զարգացումներն այնքան էլ չեն խոսում լավատեսության հիմքերի մասին։ Վաշինգտոնի դժգոհությունն ավելին է, քան առեւտրի շուրջ անհամաձայնությունը։ Խոսքը վերաբերում է Հարավչինական ծովում Պեկինի վարած ագրեսիվ քաղաքականությանը, որտեղ այն փորձում է ստանալ միանձնյա վերահսկման կարողություն։
Վերլուծաբան Սյուզըն Շըրքի խոսքերով, խնդիրն այնքան է խորացել, որ այն ավելի շատ սկսել է վնասել Չինաստանին։ ՝՝Այս խնդրի պատճառով միջազգային ասպարեզում մեծապես է տուժում Չինաստանի հեղինակությունը՛՛, ասում է նա։
Բայց Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուինսթոն Լորդը հավատացած է, որ Վաշինգտոն ու Պեկինի միջեւ լարվածությունը մեղմելու գլխավոր միջոցը բանակցութունների շարունակականությունն է, ՝՝եթե նույնիսկ որոշ հանգրվաններում դրանք հայտնվում են փակուղում՛՛, ասում է նա։
Առեւտրային ճակատամարտը շարունակելու շահ չունի ո՛չ Վաշինգտոնը ո՛չ էլ Պեկինը։ Այդ պատճառով Բուենոս Աերեսում Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում երկու նախագահների հանդիպումը շատերն են համարում խնդիրները հարթելու ճանապարհին լավ հնարավորություն։