Մատչելի հղումներ

Թուրքիայի շինարարական ոլորտի ճգնաժամը թուլացնում է Էրդողանի իշխանությունը


Թուրքական լիրայի անկումն իր ազդեցությունն է թողել տոկոսադրույքերի վրա: Արդյունքում նախկինում զարգացում ապրող շինարարական ոլորտը հայտնվել է խորը ճգնաժամում: Այն կարող է խնդիրներ ստեղծել գործող նախագահի համար:

Թուրքիայի տնտեսության նախկինում վերելք ապրող շինարարական ոլորտն այսօր խորը ճգնաժամի մեջ է արժույթի անկման արդյունքում, քանի որ այդ պատճառով գրանցվեց ներմուծվող շինանյութի թանկացում:

Շինարարության ոլորտի աշխատողներից շատերը բողոքում են, որ արդեն մի քանի ամիս է չեն վճարվել:

«Ես ապրում եմ իմ կնոջ և երկու երեխաների հետ, և մենք չենք կարողանում վճարել մեր տան վարձն ու հոգալ ամեն ամսվա ծախսերը: Դրա համար էլ այստեղ բարձրաձայնում եմ բողոքս արդեն 56 օր»,- ասում է շինարար Թանիր Մութլունը։

Ճգնաժամի արդյունքում շատ ընտանիքներ զրկվել են տներից: Շինարարության ծաղկման շրջանում բազմաթիվ քաղաքացիներ իրենց հին տները հանձնել են նոր բնակարաններ ստանալու խոստման դիմաց, որոնք պետք է կառուցվեին նրանց հին տների տարածքում:

Սակայն ճգնաժամը թույլ չտվեց ավարտել ծրագիրը: Դրա վառ օրինակներից է Ստամբուլի Ֆիքիրթեփե թաղամասի շուրջ 2000 ընտանիքների հետ կապված իրավիճակը:

«Նրանք այս թաղամասը վերցրեցին ու խոստացան, որ այստեղ կկառուցեն նոր տներ, սակայն դրժեցին իրենց խոստումը: Նրանք եկան, մարդկանցից վերցրեցին գումարներ, ստիպեցին, որ մարդիկ հրաժարվեն իրենց տներից և այժմ այստեղ ոչ մի շինարարություն չի ընթանում»,- ասում է թաղամասի բնակիչ Զեյնեփ Դուզգունօղլուն։

Շինարարական ոլորտը Թուրքիայի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է, որն ապահովում էր աննախադեպ տնտեսական աճ: Երկրի բարվոք տնտեսական վիճակը նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական խաղաքարտն է ընտրությունների ժամանակ: Այսօր պետությունը շարունակում է ֆինանսավորել ենթակառուցվածքների զարգացումը՝ շինարարական ոլորտը պահպանելու համար:

Նման օրինակներից է վերջերս բացված Ստամբուլի նոր օդանավակայանը, որն աշխարհում ամենամեծերից մեկն է:

Այս և այլ պետական ծրագրերի վրա նույնպես անդրադարձել է ճգնաժամը՝ չնայած դրանց հսկա ծավալների:

«Նման իրավիճակի չեմ հանդիպել վերջին 35 տարիների ընթացքում: Նման ծավալի չվճարված աշխատավարձեր, գործազրկություն: Նախկինում եղել են խնդիրներ, բայց ոչ այս ծավալի»,- ասում է շինարարների արհմիության ղեկավար Մուսթաֆա Ադնան Աքյոլը:

Այս իրավիճակը խնդրահարույց է Էրդողանի համար: Մարտին նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG