Մատչելի հղումներ

Ուկրաինայում հայտարարվեց արտակարգ իրավիճակ, Մոսկվան քննադատեց Կիևի այդ քայլը


Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց օրենք 30 օրով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին Ռուսաստանի կողմից Սև ծովում ուկրաինական նավերի բռնակցման և կրակ բացելու միջադեպից հետո:

Մոսկվայի ու Կիևի միջև հարաբերությունները ծայրաստիճան լարվել են: Ռուսաստանի ռազմածովային ուժերը կրակ են բացել ուկրաինական ռազմական մոտորանավի ուղղությամբ, իսկ այնուհետև գերևարել ուկրաինական երեք նավ ու անձնակազմի նավաստիներ: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Կերչի նեղուցում, որը կապում է Սև և Ազովի ծովերը:

6 ուկրաինացի նավաստի վիրավորվել է: Կիևը պահանջում է անմիջապես ազատ արձակել և վերադարձնել գերևարված նավաստիներին:

«Որպես նախագահ և գլխավոր հրամանատար, ես իրականացրեցի իմ սահմանադրական պարտականությունները և մի քան ժամ առաջ արտակարգ դրություն հայտարարեցի Ուկրաինայի ամբողջ տարածքում սկսած նոյեմբերի 28-ի առավոտյան ժամը 9-ից: Ռուսաստանը մեր դեմ վերջին 5 տարիներին վարում է հիբրիդային պատերազմ: Հարձակվելով ուկրաինական նավերի վրա՝ նրանք ազդարարեցին ագրեսիվ գործողությունների նոր փուլ»,- հայտարարել է Պետրո Պորոշենկոն:

Ուկրաինայի խորհրդարանը հաստատեց նախագահի նախագիծը: Սա Ռուսաստանի հետ հակամարտության բռնկումից ի վեր առաջին անգամ է, երբ Կիևը դիմում է նման ծայրահեղ քայլի: ՆԱՏՕ-ն և արևմտյան գործընկերներն աջակցություն են հայտնել Կիևին և դատապարտել Մոսկվայի գործողությունները:

«Չկա արդարացում ուկրաինական նավերի և անձնակազմի դեմ ուժի կիրառման համար: Կոչ ենք անում Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին և վերադարձնել բռնակցված նավերը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգը:

Նյու Յորքում Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով, որի ընթացքում ԱՄՆ-ի դեսպանը տեղեկացրել է, որ խոսել է նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի հետ այս առիթով:

«ԱՄՆ-ը կպահպանի Ղրիմի բռնակցման արդյունքում սահմանված պատժամիջոցները: Ռուսաստանի կողմից հետագա լարումն էլ ավելի կբարդացնի իրավիճակը: Միջազգային խաղաղության և անվտանգության համար Ռուսաստանը պետք է անմիջապես դադարեցնի իր անօրինական գործողույունները և հարգի բոլոր երկրների նավիգացիոն և ազատության իրավունքները»,- հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին:

Ռուսաստանն արձագանքել է, որ ուկրաինական նավերը միտումնավոր սադրել են ռուսական կողմին ու քննադատել նախագահ Պորոշենկոյին արտակարգ դրություն հայտարարելու համար՝ ընդգծելով, որ այսպես նա փորձում է բարելավել իր քաղաքական դիրքերը մարտին կայանալիք ընտրություններից առաջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG