Մատչելի հղումներ

Թրամփն արդարացնում է արցունքաբեր գազի կիրառումը


ԱՄՆ-ի նախագահ Թրամփն արդարացնում է ամերիկյան կողմի արցունքաբեր գազի կիրառումը Կենտրոնական Ամերիկայի ներգաղթյալների դեմ, ովքեր փորձում էին ուժով մուտք գործել ԱՄՆ:  Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Սահմանի երկու կողմում իրականացվում են ձերբակալություններ:

Մեքսիկական Թիխուանա քաղաքի կողմից հարյուրավոր ներգաղթյալներ փորձել են մուտք գործել ԱՄՆ: Նրանց դեմ ամերիկացի սահմանապահները կիրառել են արցունքաբեր գազ:

Նախագահ Դոնալդ Թրամփը, ով հազարավոր զորքեր է ուղարկել սահմանային գոտի, վերահսկողությունը ուժեղացնելու համար, արդարացնում է արցունքաբեր գազի կիրառումը:

«Նրանք ստիպված էին կիրառել այն: Եզրակացությունը մեկն է՝ ոչ ոք չի կարող անօրինական մուտք գործել մեր երկիր»,- ասել է նախագահը։

Թիխուանայի ոստիկանությունն իր հերթին ձերբակալել է տասնյակ անօրինական ներգաղթյալների, ովքեր փորձում են ներթափանցել ԱՄՆ-ը՝ փախչելով իրենց երկրներում առկա ծայրաստիճան աղքատությունից և անկայուն իրավիճակից:

«Մենք ստիպված ենք պահպանել ճնշումը Թրամփի վրա, որպեսզի նա թույլ տա մեզ մուտք գործել ԱՄՆ: Նրանք խաբում են՝ ասելով , որ պատրաստվում են կարգավորել թղթերը, քանի որ ներգաղթյալներիս թիվը շատ մեծ է»,- ասում է ներգաղթյալ Էրլին Հուարեսը:

Իրավապաշտպաներն էլ մեղադրում են Թրամփին ապաստան տրամադրելու ծրագրի վերացման և ներգաղթի ճգնաժամ առաջացման հարցում:

Երկուշաբթի օրը Թրամփը կրկին հայտարարեց, որ կարող է փակել Մեքսիկայի հետ սահմանը: Նա սպառնացել է փակել ամերիկյան կառավարությունը, եթե Կոնգրեսը հրաժարվի գումար տրամադրել սահմանային պատի կառուցման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG