Մատչելի հղումներ

Մեքսիկան վտարելու է ԱՄՆ-ի սահմանը գրոհած միգրանտներին


Վերաբացվել է Արեւմտյան կիսագնդի ամենածանրաբեռնված սահմանային անցումային կետը: Սան Դիեգոյի եւ Տիխուանայի միջեւ գտնվող պահակակետը բացվել է երկուշաբթի օրը, նախորդ օրն այստեղ տեղի ունեցած բախումներից ու առաջ եկած քաոսից հետո: Նախորդ օրն ԱՄՆ-ի սահմանապահ ուժերն արցունքաբեր գազ էին կիրառել Մեքսիկայի տարածքում գտնվող այն խմբերի նկատմամբ, որոնք փորձել էին ապօրինաբար անցնել ԱՄՆ-ի սահմանը:

Տիխուանայում այս պահին խմբվել են հազարավոր անձինք, ովքեր Կենտրոնական Ամերիկայի երկրներից այստեղ են հասել` փորձելով խուսափել իրենց երկներում տիրող բռնություններից ու տնտեսական դժվարություններից: Նրանց նպատակն ԱՄՆ-ում անվտանգ կյանք սկսելն է ու աշխատանքի իրավունք ստանալը:

Հարյուրավոր միգրանտներ կիրակի օրն անցկացրել էին խաղաղ ցույց` վանկարկելով ‘’Մենք հանցագործներ չենք, մենք աշխատասեր մարդիկ ենք’’ բառերը:

Նույն օրը Մեքսիկայի ոստիկանությունը ցրել էր այդ ցույցերից մեկը, որից հետո մոտ 500 միգրանտներ շտապել էին դեպի ԱՄՆ-ի սահմանը:

ԱՄՆ-ի սահմանային ուժերը տարածել են հայտարարություն այն մասին, որ մի քանի միգրանտներ պայթուցիկներ են նետել Սան Դիեգոյի ամերիկացի գործակալների ուղղությամբ, որից հետո սահմանապահ ուժերը դիմել են արցունքաբեր գազի կիրառմանը:

Մեքսիկայի Սան Իսիդրոյի սահմանային կետից ամեն օր ԱՄՆ է մուտք գործում մոտ 70 հազար ավտոմեքենա եւ 20 հազար հետիոտն:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս ամսվա սկզբին այստեղ տեղակայեց ռազմական ուժեր, թույլ չտալու համար անօրինական փախստականների մուտքը երկիր:

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, թե վտարելու են այն միգրանտներին, որոնք կիրակի օրը փորձել էին գրոհել ԱՄՆ-ի սահմանը:

XS
SM
MD
LG