Հազարավոր ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից ժամանել են Թիխուանա քաղաք: Նրանց մեծ մասն ապաստանել են քաղաքի Բենիտո Խուարեզ վայրում: Այստեղ կան բազմաթիվ կանայք և երեխաներ:
Շատերը գիշերները անցկացնում են վրաններում: Քաղաքային իշխանությունները առնվազն երկու անգամ ներգաղթյալներին տրամադրում են սնունդ, ինչպես նաև՝ վերահսկում սանիտարահիգիենիկ իրավիճակն ու անվտանգությունը:
«Մենք ապահովում ենք անվտանգությունը, ստեղծել ենք հատուկ թիմեր, որոնց մեջ ընդգրկել ենք նաև քարավանի անդամներին՝ անվտանգության և մաքրության ապահովման համար: Ամեն օր զբաղված ենք այս մարդկանց հարցերով»,- ասում է Մանվել Ֆիգուերո Սանդովալը, ով Թիխուանա քաղաքի սոցիալական զարգացման բաժնի ղեկավարն է:
Չնայած այս դժվարություններին, ներգաղթյալներից շատերը վստահ են, որ կկարողանան ապաստան ստանալ Միացյալ Նահանգներում: Սակայն , ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարը օրերս բացառել է ապաստան տրամադրելու հնարավորությունը նրանց, ովքեր եկել են աշխատանք փնտրելու նպատակով: Նախարարը նշել է, որ քարավանը որևէ հիմք չի տալիս ապաստան ստանալու խնդրանքով դիմելու համար:
Սպասվում է, որ մոտ շաբաթներում ներգաղթյալների թիվն այստեղ կաճի: Դա մտահոգություն է առաջացնում Թիխուանայի քաղաքային իշխանությունների համար:
«Կարևոր է և հրատապ, որ դաշնային կառավարությունը միջամտի, քանի որ սա արդեն պետական մասշտաբի խնդիր է»,- ասում է Սանդովալը:
Քաղաքային իշխանության ներկայացուցիչը, սակայն , վստահեցնում է, որ Թիխուանայի իշխանությունները կշարունակեն օգնություն ցուցաբերել ինչպես արդեն ժամանած, այնպես էլ ժամանող ներգաղթյալներին:
Facebook Forum