Հարյուրավոր արկղեր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է հնդկահավ, կարտոֆիլ, աղցաններ եւ սոուսներ՝ այն ամենն ինչ անհրաժեշտ է Գոհաբանության օրվա ավանդական ճաշ պատրաստելու համար:
«Այսօր մենք որոշել ենք տոնել Գոհաբանության օրը՝ շնորհակալություն ասելով մեր զինվորականների ընտանիքներին», - պատմում է Operation Homefront կաղմակերպության ներկայացուցիչ Վիվիան Դիթրիխը: Կազմակերպության նախաձեռնությամբ ԱՄՆ-ի մայրաքաղաքի շուրջ գտնվող զինվորականների ընտանիքներին Գոհաբանության օրվա ճաշի մթերքները տրվում են անվճար:
Գեներալ Արոն Դինի խոսքով, նախաձեռնության նպատակը միայն մարդկանց անվճար սնունդ տրամադրելը չէ: Այն թույլ է տալիս զինվորականներին տոնն անցկացնել հարազատների հետ.
«Գոհաբանության այս արկղը հնարավորություն է տալիս միավորվելու ընտանիքների հետ, միասին ճաշելու, զրուցելու, զգալու ընտանեկան ջերմությունն այս տոնին»:
Գեներալի տիկին Լորան հիշեցնում է՝ զինվորականների ամուսինները համազգեստ չեն կրում, սակայն, կիսում են զինվորական ծառայության դժվարությունները.
«Զինվորականները վտանգում են կյանքը, զոհաբերում ընտանիքի հետ ժամանակը: Նրանք ներկա չեն լինում ընտանիքի անդամների ծննդյան օրերին, տոներին, եւ այս ամենը՝ որպեսզի ապահովեն համաքաղացիների ազատությունը»:
Ջոնաթան Հեունը 16 տարի ծառայության մեջ է, սակայն, այսօր նա պատրաստվում է դիմավորել տոնը դստեր հետ.
«Մենք շնորհակալ ենք նման անակնկալների համար, քանի որ իրոք դժվար է ընտանիքից հեռու լինել»:
Իսկ Դենիել Ջոնսը նախատեսում է տոնել Գոհաբանության օրը չորս տղաների հետ.
«Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար, երեխաներս նույնպես շնորհակալ են, քանի որ տեսնում են, որ մենք գնահատված ենք»:
Տղաները չեն պատրաստվում օգնել Ջոնսին խոհանոցում, պատրաստվում են միայն վայելել ճաշը: Հայրը սակայն դեմ չէ՝ խոհանոցում անվտանգությունն առաջին հերթին նշում է նա, ավելացնելով, որ ինքնուրույն կպատրաստի ավանդական ճաշը տղաների համար:
Facebook Forum