Մատչելի հղումներ

Ինտերպոլն ունի նոր նախագահ, իսկ Կրեմլը մտահոգված է ընտրության մթնոլորտով


Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ջոն Յանգը, նշենք որ վերջինիս մրցակիցը  ռուսաստանցի գեներալ, Ինտերպոլի փոխնախագահ Ալեքսանդր Պրոկոպչուկն էր։ Կրեմլը դատապարտել է Արևմուտքի ճնշումները ընտրությունների ընթացքում:

Միջազգային ոստիկանության Ինտերպոլի նախագահի պաշտոնում չորեքշաբթի օրը ընտրվել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ջոն Յանգը: Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքը լրագրողին հայտնել է, որ ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ:

Նախագահի ընտրությունը տեղի ունեցավ Դուբայում փակ քվեարկության միջոցով:

Նորընտիր նախագահը կղեկավարի կառույցը հաջորդ 2 տարիների ընթացքում: Այս պաշտոնին Կիմը փոխարինեց Մենգ Հոնգվեիին Չինաստանից, ով վերջերս հրաժարական տվեց՝ Չինաստանում իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառով: Հոնգվեիի հրաժարականից հետո Կիմը իրականացնում էր նախագահի պարտականությունները:

Ընտրություններին նրա մրցակիցն էր ռուսաստանցի գեներալ, Ինտերպոլի փոխնախագահ Ալեքսանդր Պրոկոպչուկը, որի թեկնածությանը աջակցում էր Ռուսաստանը: ԱՄՆ և Եվրոպան դեմ էին Պրոկոպչուկի թեկնածությանը, քանի որ մտահոգություններ ունեին կրեմլամետ թեկնածուի ընտրության հարցում: Մի շարք եվրոպական երկրներ անգամ սպառնացել էին, որ կլքեն կառույցը, եթե նախագահ ընտրվի Կրեմլի թեկնածուն:

Բացի այդ, վերջերս ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ մեղադրեցին Ռուսաստանին գլոբալ այս կառույցը օգտագործելու և դրա միջոցով այլախոհների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու մեջ:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը սակայն հերքում է մտահոգությունները:

«Որևէ կապ չունի, թե ինչ ազգության է պատկանում նախագահը: Այդ փաստը չի ազդում Ինտերպոլի չեզոքության և մեր կազմակերպության անկախության վրա»,- հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը:

Ռուսաստանն իր հերթին ափսոսանք է հայտնել իր թեկնածուի պարտության կապակցությամբ, սակայն ընդունել է ընտրության արդյունքները:

«Մենք ափսոսանք են հայտնում, որ մեր թեկնածուն չընտրվեց, սակայն միևնույն է չկան հիմքեր չհավատալու ընտրությունների արդյունքներին»,- ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Սակայն Կրեմլը արձանագրել է, որ ընտրություններն անցել են ճնշող մթնոլորտում:

«Եթե հիշենք մեր եվրոպացի գործընկերների վերջին հայտարարությունը, ապա պետք է փաստենք, որ ընտրություններն անցել են աննախադեպ ճնշման և ընտրությունների մեջ խառնվելու մթնոլորտում»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Գեներալ Պրոկոպչուկը հրաժարվել է մեկնաբանություններ տալ այս առիթով:

Հիշեցնենք, որ Ինտերպոլի հիմնական գործառույթն է նպաստել աշխարհում ոստիկանական մարմինների միջև համագործակցության հաստատմանը: Այն իրավասու չէ խառնվել քաղաքական, կրոնական, ռասայական կամ այլ տեսակի հակամարտությունների, ինչպես նաև չունի գործակալներ, որոնք իրավասու են իրականացնել ձերբակալություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG