Մատչելի հղումներ

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսները


Քննարկում «Արարատ» բիզնես ցանցի անդամների միջև
Քննարկում «Արարատ» բիզնես ցանցի անդամների միջև

Վաշինգտոնում է գործում ՝՝Արարատ՛՛ բիզնես ցանցը, որն իր շուրջ է համախմբել ամերիկահայ երկու տասնյակից ավելի գործարարների: Կառույցի մասին պատմում են նախաձեռնության հիմնադիրներն ու անդամները վերջերս կայացած խմբի անդամների հերթական հավաքից հետո

Մանր ու միջին գործարարության ինքնակազմակերպման վառ դրսևորումներից է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գործող «Արարատ» բիզնես ցանցը: Յուրահատուկ մոդել ունեցող հայազգի մանր ու միջին գործարարների այս կազմակերպության նախաձեռնող, «Արտերիքս» ընկերության հիմնադիր Արարատ Ստեփանյանը կարևորում է նման միավորների ստեղծումը: Կազմակերպության գործունեության հիմքում է ընկած ամերիկահայ գործարարների միջև փոխշահավետ համագործակցության հաստատումն ու սեփական բիզնեսի զարգացումը:

«Ararat բիզնես ցանցը իրենից ներկայացնում է referral based խումբ, այսինքն մենք միմյանց փոխանցում ենք բիզնես առաջարկներ... Մեր հիմնական նպատակը բիզնեսի առաջ մղումն է, մեկս մյուսի բիզնեսին օգտակար լինելն ու դրա հետ մեկտեղ Հայաստանում բարեգործական նպատակների համար նյութական միջոցներ հայթայթելը»,- ասում է Արարատ Ստեփանյանը:

Խմբի մեջ արդեն ընդգրկված են երկու տասնյակից ավելի տարբեր ոլորտների գործարարներ: Ըստ նախաձեռնության անդամների, խմբի գործունեությունը զգալիորեն նպաստում է իրենց բիզնես ակտիվությանը:

«Այս նախաձեռնությանը միանալը չափազանց շահութաբեր էր իմ բիզնեսի համար: Հնարավորություն ստացա նոր հաճախորդներ ձեռք բերել և կապ հաստատել հայազգի այլ գործարարների հետ»,- ասում է անշարժ գույքի գործակալ Ավրորա Գիրագոսյանը:

Գործարար ցանցի նախագահ, ֆինանսական և ապահովագրական խորհրդատու Մայք Կրիկորյանն էլ նշում է, որ նախաձեռնությունը շարունակում է ընդլայնվել: Ավելի ու ավելի շատ գործարարներ, ըստ Կրիկորյանի, մասնակցում են խմբի քննարկումներին:

«Երբ սկսեցինք նախաձեռնությունը, ունեինք ընդամենը 4-5 անդամներ, այժմ իրենց թիվը հասել է շուրջ 22-ի: Նախկինում ընդամենը 3-4 գործարար էին մասնակցում հանդիպմանը, այսօր քննարկումներին արդեն ավելի քան 20 անդամներ են ներկայանում: Նախաձեռնությունն աստիճանաբար ընդլայնվում է»,- նշում է Կրիկորյանը:

Իսկ որն է այս խմբի հիմնական տարբերությունն այլ նմանատիպ նախաձեռնություններից: Հիմնադիր Արարատ Ստեփանյանն այն անվանում է աննախադեպ:

«Սփյուռքում և Վաշինգտոնի համայնքում սա աննախադեպ կազմակերպություն է: Կան այլ խմբեր, առևտրի պալատներ և ցանցեր, սակայն մեր խմբի առանձնահատկությունն այն է, որ ամեն մասնագիտությունից ընդգրկված է մեկ գործարար»,- ասում է Ստեփանյանը:

Նախաձեռնությունում մեծ տեղ է տրված որակյալ բիզնես ծառայության ապահովմանը: Յուրաքանչյուր նոր անդամ անցնում է 90 օրյա պարտադիր փորձաշրջան:

«Մենք ավելի շատ շեշտը դնում ենք որակի, քան քանակի վրա: Մենք կարծում ենք, որ ավելի լավ է ունենալ 10 որակյալ բիզնեսմեն պրոֆեսիոնալներ մեր խմբում, քան ունենալ 100-ից ավել միջակ մասնագետներ»,- նկատում է Ստեփանյանը:

Ամերիկահայ գործարարների խումբը անմասն չէ Հայաստանին աջակցելուց: Խմբի նախաձեռնությամբ հիմնվել է «Հայլենդ» անունը կրող հիմնադրամ, որը Հայաստանում իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր: Ծրագրերի համար միջոցները գոյանում են խմբի անդամների նվիրատվությունից:

Վերջերս տեղի ունեցած խմբի հերթական հանդիպմանը մասնակիցները մտքեր փոխանակեցին նախաձեռնության հետագա գործունեության է՛լ ավելի ակտիվացման և զարգացման վերաբերյալ:

Facebook Forum

XS
SM
MD
LG