Մատչելի հղումներ

Ամերիկահայ հանրապետականը հույս ունի, որ 2020 թվականին ավելի շատ ամերիկահայեր կաջակցեն Թրամփին


Ալիսա Թաբիրյան
Ալիսա Թաբիրյան

ԱՄՆ-ում ընթացող քաղաքական զարգացումների ու ընտրական գործընթացների մասին Ամերիկայի Ձայնը զրուցել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ելույթների պատրաստման և խմբագրման բաժնի ղեկավար, ամերիկահայ Ալիսա Թաբիրյանի հետ:

«Ընտրությունները շատ հաջողված են Հանրապետական կուսակցության համար: Մենք ավելացրեցինք Սենատում մեր տեղերը: Պատմության մեջ ընդամենը չորս անգամ է պատահել, երբ իշխող կուսակցությունը կարողացել է նախագահի առաջին ժամկետի ընթացքում միջանկյալ ընտրություններին ավելացնել օրենսդրական մանդատներ»,- ասում է ամերիկահայ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ալիսա Թաբիրյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքներին:

Թաբիրյանը ղեկավարում է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի՝ ազգային կոմիտեի ելույթների պատրաստման և խմբագրման աշխատանքները: Որպես նվիրյալ հանրապետական, կիսում կուսակցության հիմնական ուղեգիծն ու գաղափարախոսությունը, որը ժառանգել է իր ծնողներից:

«Ես միշտ մեծացել եմ պահպանողական արժեքների ու գաղափարախոսության ներքո: Ցանկացել եմ աշխատել Հանրապետական ազգային կոմիտեի և ընդհանրապես Հանրապետական կուսակցության համար, քանի որ ցանկացել եմ իմ ներդրումն ունենալ այն արժեքներին, որոնց հավատում եմ»,- ասում է Թաբիրյանը:

Ընտրություններից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակը ըստ հանրապետական ներկայացուցչի հեռու է ճգնաժամային լինելուց: Հանրապետական կուսակցությունը կորցրել է վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում, սակայն, ըստ Թաբիրյանի, կորցրած տեղերի քանակը նվազագույն է:

Նա քաղաքական ամենամեծ խնդիր է համարում դեմոկրատների որդեգրած քաղաքականությունը, որը ըստ Թաբիրյանի խնդրահարույց է երկրի համար:

«Նրանց որդեգրած վերջին մի քանի տարիների ռազմավարությունը խոչընդոտներ ստեղծելու ուղղությամբ օգտակար չէ և չի բխում ամերիկյան ժողովրդի շահերից: Այժմ, երբ հայտնի են ընտրությունների արդյունքներն, անհրաժեշտ է, որ երկու քաղաքական ճամբարները համագործակցեն և աշխատեն նախագահի հետ, քանի որ առկա են բազմաթիվ առաջնահերթություններ, բարելավման հնարավորություններ: Անկախ կուսակցական պատկանելիությունից անհրաժեշտ է գործել ի շահ ամերիկյան ժողովրդի: Դա կարևոր է»,- նշում է Թաբիրյանը:

Նա ընդգծում է, որ նախագահ Թրամփը հաջողությամբ առաջնորդում է երկիրը, լավ հարաբերություններ ունի դեմոկրատների ղեկավար կազմի անդամների հետ, որը կարևոր է քաղաքական փոխհամագործակցության հաստատման համար:

Որպես ամերիկահայ նա հույս է հայտնում, որ էլ ավելի շատ ամերիկահայեր կսատարեն գործող նախագահին 2020 թվականի ընտրությունների ժամանակ՝ հաշվի առնելով ըստ Թաբիրյանի այն ամենն, ինչ իրականացվում է նրա նախագահության ընթացքում, ներառյալ հարկային բարեփոխումներն ու ամերիկյան ազգային շահի պաշտպանությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:

«Նա չի վախենում մարդկանց և ամբողջ աշխարհին ասել, որ մեզ համար ամերիկյան շահերը առաջնային են: Եվ դա շատ լավ է ամերիկահայության համար, քանի որ մենք Ամերիկայի ու ամերիկյան հասարակության մասնիկ ենք: Կալիֆոռնիայում, Թեքսասում, թե Բոստոնում մենք մեր ներդրումն ունենք այս հասարակության զարգացման հարցում: Հույս ունեմ, որ 2020 թվական ընտրություններին ավելի ու ավելի շատ ամերիկահայեր կգնահատեն այն ամենն, ինչ նա անում է մեզ համար և ինչպես է պաշտպանում մեր շահերը երկրի ներսում և դրսում», - նշում է Թաբիրյանը:

Նա կարևորւմ է ամերիկահայության ակտիվ ներգրավվածությունը Միացյալ Նահանգների հասարակական և քաղաքական կյանքում, որն օգտակար է, ըստ Թաբիրյանի, ինչպես ամերիկահայ շրջանակների, այնպես էլ՝ ընդհանուր պետության և հասարակության համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG