Մատչելի հղումներ

Ինչո՞ւ է Ֆլորիդայում ձայների վերահաշվարկ կատարվում


ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքում քվեաթերթիկները հաշվում են ոչ թե մարդիկ այլ՝ համակարգիչը: Դա թույլ է տալիս հրապարակել ընտրությունների արդյունքներն անմիջապես ընտրությունների ավարտից հետո եւ բացառել կեղծ հաշվարկը: Միեւնույն ժամանակ, մրցակիցների միջեւ չնչին տոկոսային տարբերության դեպքում վերահաշվարկ է պահանջվում, նշում է Ֆլորիդայի բնակիչ, հանրապետական Թանիել Քուշաքջյանը.

«Ֆլորիդայի Սահմանադրության համաձայն, եթե մրցակիցների միջեւ տարբերությունը կես տոկոսի չափով է, մեքենան վերահաշվարկ է կատարում, իսկ եթե այդ տարբերությունը կրճատվում է մինչեւ քառորդ տոկոս, ապա վերահաշվարկը կատարվում է ձեռքով»:

Վերահաշվարկի ընթացքում, սակայն, Սենատի հանրապետական թեկնածու Ռիք Սքոթի ձայները սկսել են կրճատվել, ինչի արդյունքում նա մեղադրանք է առաջադրել տեղական իշխանությունների դեմ.

«Ֆլորիդայի յուրաքանչյուր բնակչի պետք է անհանգստացնի Փալմ Բիչում կատարվող խարդախությունը»:

Իր խոսքն է ասել նաեւ նախագահ Դոնալդ Թրամփը.

«Հանկարծ ձայներ հայտնվեցին եւ Ռիք Սքոթի տոկոսը, ով հաղթել էր ցածր, բայց՝ համոզիչ տարբերությամբ, սկսեց ժամ առ ժամ իջնել»:

Սակայն, Ֆլորիդայի տեղական իշխանությունները հիշեցնում են, որ ամեն ինչ արվում է հստակ եւ հերքում մեղադրանքները: Վերահաշվարկի են ենթարկվում նաեւ Ֆլորիդայի նահանգապետի ընտրությունների ձայները: Հանրապետական Ռոն ԴեՍանթիսը արդեն տոնում է իր հաղթանակը.

«Անչափ ոգեւորված եմ Ֆլորիդայում մեր առջեւ բացվող հնարավորություններով: Սա լավագույն նահանգն է ինձ համար»:

Սակայն, դեմոկրատ թեկնածու Էնդրյու Գիլումը խորհուրդ է տալիս չշտապել.

«Հույս ունենք, այս քվեարկության յուրաքանչյուր ձայն հաշվի կառնվի»:

Վերահաշվարկ է ընթանում նաեւ Ջորջիա եւ Արիզոնա նահանգներում։ Սակայն, անկախ վերահաշվարկի արդյունքից, միջանկյալ ընտրությունների արդյունքը խոշոր առումով չի փոխվելու՝ դեմոկրատները տիրապետում են Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատին, իսկ հանրապետականները՝ վերին՝ Սենատին:

Facebook Forum

XS
SM
MD
LG