Մատչելի հղումներ

Սպիտակ տունը CNN-ի լրագրողին զրկել է հավատարմագրից


Սպիտակ տունը զրկել է հավատարմագրից այն լրագրողին, ով  բանավիճել է նախագահ Թրամփի հետ: Լրագրողական շրջանակները մտավախություն ունեն, որ այս միջադեպը կհանդիսանա նախագահի կողմից ձեռնարկվելիք  ժողովրդավարությանը հակասող քայլի նախադեպ:

Օրերս Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ասուլիսի ընթացքում գրանցվել էր միջադեպ, երբ CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստան մամուլի ասուլիսի ժամանակ վեճի է բռնվել նախագահ Թրամփի հետ:

Քննարկվող հարցը վերաբերվում էր Հարավային Ամերիկայից Միացյալ Նահանգներ ուղևորվող ներգաղթյալներին։ Լրագրողը հետաքրքրվել էր նախագահից, թե արդյոք նա չի շահարկել այս խնդիրը նախընտրական արշավի ընթացքում, որից հետո նախագահի ու լրագրողի միջև ծավալվել է վիճաբանություն:

«Նրանք հարյուրավոր կիլոմետրեր հեռու են: Դա ներխուժում չէ»,- ասում է լրագրողը:

«Գիտեք ինչ՝ թույլ տվեք ե՛ս կառավարեմ երկիրը, իսկ դուք կառավարեք CNN-ը: Եթե դուք դա ավելի լավ անեիք, Ձեր վարկանիշը կլիներ շատ ավելի բարձր: Բավակա՛ն է»,- արձագանքել է նախագահը

Սպիտակ տունը տեղի ունեցածը որակել է «անընդունելի» և Ակոստային զրկել հավատարմագրից: Բացի այդ, մամլո խոսնակ Սառա Սանդերսը մեղադրել է Ակոստային, որ վերջինս ձեռքով դիպչել է Սպիտակ տան մամլո ծառայության աշխատակցուհուն:

Տեսագրությունը հստակ ցույց է տալիս, որ Ակոստան որևէ թշնամական վերաբերմունք չի ցուցաբերել աշխատակցուհու հանդեպ: Սպիտակ տունը սակայն հրապարակել է տեսագրություն, որտեղ փորձել է ապացուցել հակառակը:

«Աշխատակցուհին փորձում էր վերցնել խոսափողն Ակոստայից, իսկ վերջինս փորձում էր պահել այն: Դա իհարկե անսովոր իրավիճակ է, սակայն զավեշտալի է պնդել, որ նա ոտնձգություն է գործել աշխատակցուհու հանդեպ»,- ասում է Թոմ Ռոզենսթիելը, Ամերիկյան մամուլի հաստատությունից:

Ակոստան այս վարչակարզմի խիստ քննադատներից է, հայտնի իր կոշտ հարցադրումներով նախագահ Թրամփին և Սառա Սանդերսին:

Լրագրողական շրջանակները քննադատաբար են մոտեցել Սպիտակ տան որոշմանը՝ ընդգծելով, որ նման մոտեցումները չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին:

«Հավատարմագրի հետ կանչումը բնորոշ է բռնապետական երկրներին և անսովոր Միացյալ Նահանգների համար»,- ասում է Քորթնի Ռադչը Լրագրողների պաշտպանության հանձնախմբից:

Չնայած նախագահի շփումները լրագրողների հետ հաճախ ստանում են ռեալիթի շոուի երանգներ՝ այս վերջին միջադեպը կարող է ունենալ հեռու գնացող հետևանքներ:

«Տարբեր երկրներում իշխանությունը, որը ցանկանում է սահմանափակել մամուլի և լրագրողների գործունեությունը, և խուսափել հանրային քննադատությունից օգտագործում է «կեղծ» լուրեր եզրը և մամուլը փորձում ներկայացնել որպես մարդկանց թշնամի»,- ասում է Ռադչը:

Սակայն Սառա Սանդերսը չի պատրաստվում վերանայել իր որոշումը՝ ընդգծելով, որ Ակոստայի հավատարմագիրը հետ է կանչվելու:

Facebook Forum

XS
SM
MD
LG