Մատչելի հղումներ

Մոսկվայում սկսվել է բեմադրիչ Սերեբրեննիկովի դատավարությունը


Մոսկվայի Մեսչանսկիի դատարանում չորեքշաբթի օրը սկսվել է ՝՝Յոթերորդ ստուդիա՛՛ թատերական նախագծի համար նախատեսված բյուջեն յուրացնելու հարցով դատավարություն։ Ըստ մեղադրող կողմի, բեմադրիչ եւ գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի, մենեջերներ Ալեքսեյ Մալոբրոդսկիի եւ Յուրի Իտինի, ինչպես նաեւ երիտասարդական թատրոնի տնօրեն Սոֆյա Ապֆելբաումի կողմից հափշտակվել է ավելի քան 13Օ միլիոն ռուբլի։

Ըստ հետաքննության վարկածի, գումարները, որոնք հատկացված են եղել բեմադրությունների համար, տեղ չեն հասել։ Այս մեղադրանքի դեմ են հանդես գալիս դատապաշտպանները, որոնց խոսքերով, ամբողջ գումարը փոխանցվել եւ կիրառվել է այդ նպատակով։

Դատական առաջին նիստի ժամանակ բեմադրիչը հայտարարել է, թե չի ընդունում իր դեմ հարուցված մեղադրանքը եւ ասել է, թե ինքը ՝՝երբեք որեւէ մեկից ոչինչ չի գողացել եւ բացի թատերական խմբից, չի կազմակերպել ու ձեւավորել որեւէ այլ, այդ թվում՝ հանցավոր որեւէ խումբ՛՛։

Քրեական գործն ընդդեմ Սերեբրեննիկովի ու նրա աշխատակիցների հարուցվել է դեռեւս 2Օ17 թվականի մայիս ամսին։ Գործում հայցվորի դերով հանդես է գալիս Ռուսաստանի մշակույթի նախարարությունը։

Տնօրենին ձերբակալել էին օգոստոսի 17-ին, ՝՝Ամառ՛՛ կինոֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նա դրվել է տնային կալանքի տակ եւ զրկվել համացանցից օգտվելու իրավունքից։

Անցած մեկ տարվա ընթացքում Մեծ թատրոնում ցուցադրվել է Սերեբրեննիկովի բեմադրած բալետը, նկարահանվել է Վիկտոր Ցոյի մասին մի կինոնկար։ Երեք օր առաջ Ցյուրիխում ցուցադրվել է այժմ պաշտպանյալի կարգավիճակում գտվնող բեմադրիչի բեմադրած Մոցարտի օպերան։

XS
SM
MD
LG