Հայաստանում և Արցախում այս պահին ռազմագերիներ չկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակմանը, թե իբր ադրբեջանական կողմն առաջարկել է գերիներին փոխանակել:
«Գերիների փոխանցման մասով պաշտոնապես ոչ մի խոսակցություն չկա: Նման տեղեկություններ ես ստացել եմ լրատվամիջոցներից: Եթե Հայաստանում կամ Արցախում լինեն զինվորական գերիներ, կփոխանակվեն, սակայն այս փուլում չկան ռազմագերիներ»,-ասաց Տոնոյանը:
Նա շեշտեց, որ Արցախում ձերբակալված և դատապարտվածները դատապարտված են հանցագործության համար: Եվ նրանք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես զինվորական գերիներ: Տոնոյանը վստահեցրեց, որ երկու կողմերի միջև գործում է օպերատիվ կապ, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում են, որ համապատասխան գործողություններ իրականացվեն: