Մատչելի հղումներ

Ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Իրանը համոզված է, որ կշրջանցի դրանք


Ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Իրանը համոզված է, որ կշրջանցի դրանք
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ նորից ուժի մեջ է դնում Իրանի նավթարդյունաբերության ու ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հանվել էին, երբ Իրանը, ըստ միջազգային պայմանագրի, խոստացել էր սահմանափակել միջուկային իր ծրագիրը:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ ֆինանսների նախարար Ստիվըն Մնուչինը երկուշաբթի օրը հայտարարեցին, որ վերականգնվում է Իրանի տնտեսության գլխավոր բաղադրիչ համարվող նավթի առաքումների վրա նախկին արգելքը: Փոմփեոյի խոսքերով, ութ երկրների տրվել է կարճ ժամանակ, որպեսզի նրանք ավարտեն իրանական նավթի այն ներկրումները, որոնց համար արդեն վճարումներ կատարվել են:

Նրա խոսքերով, այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանն ու Թուրքիան: ‘’Այս երկրներն անցած վեց ամիսների ընթացքում նշանակալիորեն կրճատել են Իրանից անմշակ նավթի գնումները: Այդ ութից երկուսն արդեն լիովին դադարեցրել են ներկրումները եւ չեն վերսկսի այնքան ժամանակ, քանի դեռ պատժամիջոցները չեն հանվել’’, հայտարարել է Փոմփեոն, հավելելով, թե շարունակվում են բանակցությունները, որպեսզի բոլոր պետություններն այդ առեւտուրն իջեցնեն զրոյական մակարդակի:
Վերահաստատված պատժամիջոցները տարածվում են նաեւ Իրանի բանկային համակարգի, ինչպես նաեւ նավարկությունների եւ նավաշինության բնագավառների վրա:

Փոմփեոյի խոսքերով, Վաշինգտոնն այս քայլին է գնում, քանի որ Իրանն, ասում է նա, շարունակում է ահաբեկչությունն աշխարհում եւ ‘’թիվ մեկ ապակայունացնող ուժն է Մերձավոր Արեւելքում’’:

Իրանի հարեւան Հայաստանի մտահոգությունների մասին ‘’Ամերիկայի Ձայնի’’-ի հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Ջորջ Քենթն ասել է.

"Այս վարչակազմն իր հայտարարությունների ու մտահոգությունների միջոցով պարզ արտահայտել է իր դիրքորոշումը: Իրանը ապակայունացնող ուժ է տարածաշրջանում: Ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում է ստեղծել միջուկային զենք, իսկ նախկինում ընդունված պատժամիջոցները կենտրոնանում էին հենց այս խնդրի վրա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո, այլ նաև շարունակում է աջակցել ահաբեկչությունը՝ ապակայունացնելով իրավիճակը Հեսբոլահ և Համաս խմբավորումների հովանավորությամբ, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ծրագրի միջոցով: Ուստի պարզ է, որ ԱՄ-ը լրջորեն է մոտենում տարածաշրջանի այս սպառնալիքին: Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք աշխատել մեր գործընկերների ու բարեկամների հետ՝ վստահ լինելու համար, որ նրանք անդառնալի կորուստներ չեն կրում: Սակայն խնդրում եմ թյուր կերպով չընկալել: Մենք նպատակադրված ենք գործողություններ իրականացնել՝ սահմանափակելու համար Իրանի կարողությունները։

Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի դժվար աշխարհագրական դիրք, սակայն մենք նաև մտահոգված ենք տարածաշրջանային կայունությամբ'':

Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը կանտեսի ամերիկյան պատժամիջոցները, եւ կշարունակի նավթի վաճառքը:

XS
SM
MD
LG