Մատչելի հղումներ

Մերիլանդի նահանգային խորհուրդը կարող է ունենալ իր առաջին ամերիկահայ օրենսդիրը


Լորիգ Չարքուդյանն (աջից) իր դստրի հետ

ԱՄՆ-ի ընտրություններին են մասնակցում մի շարք ամերիկահայեր: Լորիս Չարքուդյանն իր թեկնածությունն է առաջադրել Մերիլենդ նահանգի խորհրդի անդամ դառնալու համար: Նա «Ամերիկայի Ձայնի» հետ կիսվել է քարոզարշավի մասին իր տպավորություններով

ԱՄՆ-ի գալիք ընտրություններում նկատելի է ամերիկահայ թեկնածունեի լայն ցանկ: Հայազգի թեկնածուները քարոզարշավ են իրականցնում տարբեր մակարդակներում կոնգրեսական, նահանգային և տեղական ընտրություններում:

Ամերիկահայ Լորիգ Չարքուդյանը հունիսին հաջողությամբ հաղթահարել է նախնական ընտրությունների փուլը և դարձել դեմոկրատական կուսակցության թեկնածու՝ Մերիլենդի նահանգային խորհրդի անդամ դառնալու համար: Նրա քաղաքական օրակարգի գլխավոր նպատակը սոցիալական արդարության է և հասարակության բոլոր խավերի խնդիրների քաղաքական օրակարգում ներառումը:

«Իմ քարոզարշավի հիմքում ընկած է Մերիլանդ նահանգում արդարության և ներառողականության մեծացումը »,- ասում է Չարքուդյանը:

Երկար տարիներ աշխատելով սոցիալական արդարության ոլորտում՝ նա կարևորում է այնպիսի համակարգը, որը լսելի կդարձնի սոցիալական բոլոր շերտերի բարձրաձայնած խնդիրները և չի անտեսի ամենախոցելի խավերին:

Չարքուդյանն ընդգծում է, որ իր ընտրվելու պարագայում իր առաջնահերթությունները կհանդիսանան սոցիալական, տնտեսական, բնապահպանական, իրավական արդարության հաստատման հետ կապված հարցերը:

Իր ընտրատարածքի բնակչության հիմնախնդիրներին ավելի մոտ ծանոթանալու համար Չարքուդյանը կարևորում է քարոզարշավի ընթացքում անմիջական շփումներն ընտրողների հետ: Նա այս ընթացքում այցելել է Մերիլենդի 20-րդ ընտրաշրջանի շուրջ 12 հազար ընտանիքներ՝ հանդիպելով բազմաթիվ ընտրողների հետ: Ավանդաբար դեմոկրատների օգտին քվեարկող այս ընտրաշրջանի բնակիչների թիվը կազմում է մոտ 115 հազար մարդ:

«Քարոզարշավն ու մարդկանց հետ անմիջական շփումն այս ողջ գործընթացի չափազանց կարևոր մասն է: Այն թույլ է տալիս անձնական կապ հաստատել ընտրողների հետ, լսել նրանց պատմություններն ու մտահոգությունները»,- ընդգծում է Չարքուդյանը:

Թեկնածու Չարքուդյանը պատմում է, որ քարոզարշավի ընթացքում հաճախ անդրադարձել է իր հայկական արմատներին:

«Ընտրվելու դեպքում, ես կլինեմ առաջին ամերիկահայ օրենսդիրը Մերիլանդի նահանգային խորհուրդում: Քարոզարշավի ժամանակ, երբ թակում էի մարդկանց դռները, ընտրողները հաճախ ուշադրություն էին դարձնում իմ հայկական ազգանվան վրա՝ փորձելով ճշտել, թե որտեղից է այն ծագում: Շատ մարդիկ տեղեկացված չէին Հայաստանի ու մեր պատմության մասին: Եվ ես պատմում էի իրենց մեր մշակույթի, պատմության և իհարկե խոհանոցի մասին»,- նշում է Չարքուդյանը:

Նրա նախնիները ցեղասպանություն վերապրած ներգաղթյալներ են: Չարքուդյանն ընդգծում է, որ մեծացել է այս մարդկանց պատմությունները լսելով, որի շնորհիվ սկսել է գիտակցել, թե որքան կարևոր է այս երկրում հասկանալ ներգաղթյալների փորձը:

«Իմ ողջ փիլիսոփայությունը և խնդիրներին մոտենալու ձևը իմ ընտանիքի ազդեցության արդյունք է»,- ասում է նա։

Թեկնածուն երախտապարտ է իր ընտանիքի անդամներին, ովքեր համբերությամբ իր հետ անցնում են այս դժվարին ուղին՝ օգնելով ու աջակցելով իր քարոզարշավին: Նրա երեխաների հետ մեկտեղ քարոզարշավին են մասնակցում Լորիս Չարքուդյանի ծնողները, ովքեր հատուկ այդ առիթով ժամանել են Բոստոնից:

«Ընտանիքս իմ ամենամեծ հենարանն է, իմ բախտը բերել է», - ասում է Չարքուդյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG