Մատչելի հղումներ

Համաներման մասին նախագծով համաներում կշնորհվի շուրջ 660 դատապարտյալի


Artak Zeynalyan

Համաներում հայտարարելու մասին առաջարկվող նախագիծը ամենաշատ շահառու ունեցող համաներումն է: Դրանով համաներում է շնորհվելու շուրջ 660 դատապարտյալի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 31-ի նիստում, որի օրակարգում նախագծի առաջին ընթերցում է, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Նախագծով առաջարկվում է, որ… օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի չկրած մասը կկրճատվի: Ընդհանուր առմամբ հիմնարկներում պահվող ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում»,-նշեց Զեյնալյանն ու հավելեց, որ դա կազմում է դատապարտյալների ավելի քան 36 տոկոսը, իսկ հիմնարկներում պահվող անձանց՝ շուրջ 22 տոկոսը:

Պրոբացիայի 3850 շահառուներից շուրջ 2720 անձի նկատմամբ ևս կկիրառվի համաներում, քննչական կոմիտեում քննվող շուրջ 6140 քրեական գործերից 1096-ի նկատմամբ ևս:

Զեյնալյանը վստահեցրեց, որ նախորդ տարվա համաներումների համեմատ սա ամենաշատ շահառու ունեցող համաներման նախագիծն է:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրեքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց, 3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց, 4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց, 5) 60 տարին լրացած անձանց:

Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Նախագծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար:

XS
SM
MD
LG