Մատչելի հղումներ

Վախճանվել է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության նախկին աշխատակից Արսեն Սայանը


Arsen Saryan
Arsen Saryan

«Ամերիկայի Ձայն»-ը ցավով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին, 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է երաժիշտ-դիրիժոր Արսեն Սայանը, որը 1970-1995թթ զբաղեցրել է «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի հայկական բաժնի երաժշտական-մշակութային ծրագրերի տնօրենի և գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:

Ծագումով Տարոնից, մաեստրո Արսեն Սայանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1928 թվականի հունվարի 10-ին: Նախնական ուսումը ստացել է Հալեպի Մխիթարյան վարժարանում, 1949-ին ավարտել է Լիբանանում Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ճեմարանը:

Վերադառնալով Հալեպ՝ Արսեն Սայանը երաժշտություն, պատմություն և հայոց լեզու է դասավանդել հայկական ազգային դպրոցներում, հանդիսացել է Հայ Առաքելական Եկեղեցու Հալեպի թեմի նվագակցողը:

1950 թվականին հիմնել է 90 ձայներից բաղկացած հայտնի «Շողական» երգչախումբը:

1957 թվականին մաեստրոն տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

1963-1966թթ. Արսեն Սայանը ուսանել է Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում, մասնագիտացել դիրիժորության մեջ՝ «Հայ միջնադարյան հոգևոր երաժշություն» թեկնածուական ատենախոսության համար արժանանալով առաջին կարգի գիտական աստիճանի:

Իր կյանքի և ստեղծագործական գործունեության 60 տարիները Արսեն Սայանը նվիրել է երգչախմբային արվեստի զարգացմանը՝ հիմնելով և ղեկավարելով Սփուռքում և Հայաստանում հայտնի «Շողական», «Քնար» և «Անի» երգչախմբերը:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Արսեն Սայանը իր կյանքի ավելի քան 25 տարիների ընթացքում զբաղեցրել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության երաժշտական-մշակութային ծրագրերի խմբագրի, տնօրենի և գլխավոր պրոդյուսերի պաշտոնը ՝ կամուրջ հանդիսանալով Սփյուռքի հայկական համայնքների համախմբման գործում, նպաստել հայ ազգային ոգու պահպանմանը:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Սայանը մշտապես աջակցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային՝ միջոցներ տրամադրելով շենքի մասնակի բարեկարգման, «Հայ երաժշտության պատմություն» դասագրքի տպագրության համար։ 1998 թվականից «Արսեն Սայանի անվան» կրթաթոշակի միջոցով աջակցել է նաև Կոնսերվատորիայի սոցիալական դժվար պայմաններ ունեցող, բարձր առաջադիմությամբ 20 ուսանողների:

XS
SM
MD
LG