Միացյալ Նահանգներն այսօր ունի նախկինում դատված այնքան մեծ թվով քաղաքացիներ, ինչպիսին չի ունեցել իր ամբողջ պատմության ընթացքում`6 միլիոն 100 հազար տղամարդ ու կին: Իսկ թե ինչ իրավունքներ նրանք ունեն երկրում անցկացվող ընտրություններում մասնակցելու գործում, տարբերվում են նահանգ առ նահանգ:
ԱՄՆ-ի երկու նահանգներում` Վերմոնթում եւ Մեյնում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նույնիսկ ազատազրկման մեջ գտնվող անձինք: Այստեղ իր պատիժը կրող Դեն Քլոզը կարծում է, որ թմրանյութի անօրինական առեւտրով զբաղվելու հանգամանքը իրեն ու իր նմաններին չպիտի զրկի ընտրելու իրավունքից:
Երկրի տասնչորս այլ նահանգներում պատիժը կրելուց եւ ազատ արձակվելուց հետո անմիջապես վերականգնվում է նախկին կալանավորների ընտրելու իրավունքը:
Սակայն մյուս նահանգներում պատկերն այլ է: Օրինակ Ֆլորիդայում թմրանյութերի անօրիանական առեւտրի համար դատապարտված Իրաիդա Գուանիպան ազատ արձակվելուց մի քանի տարի անց անգամ չի կարող մասնակցել ընտրություններին:
ԱՄՆ-ում ընտրելու իրավունքից նրա նման զրկված եւս 4 միլիոն 700 հազար մարդ կա: Եվ նա մեկն է այն յոթ նախկին հանցագործներից, որոնք այսօր դատական գործեր են հարուցել ընդդեմ Ֆլորիդա նահանգի` իրենց նկատմամբ կամայական գործընթացները դադարեցնելու պահանջով: Այս գործով դատարանի որոշումը կարող է իր ազդեցությունը գործել Ֆլորիդայի մեկ եւ կես միլիոն ընտրողների ձայների վրա, որտեղ մեծամասնությունը պաշտպանում է արդեն ազատության մեջ գտնվող նախկին ազատազրկվածների ընտրելու իրավունքը վերակագնելու պահանջը:
Իսկ Վերմոնթ նահանգի բանտերից մեկում իր պատիժը կրող Քլոզը պատրաստվում է մասնակցել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, ու կարծում է, որ իր ձայնը եւս կարող է ունենալ վճռական նշանակություն: Իրավունք ու հնարավորություն, որի համար, ասում է նա, հարկավոր է պայքարել: