Մատչելի հղումներ

Հոգեւորական Բրանսոն. 18 ամիս էր անհրաժեշտ միայն պարզելու համար, թե ինչում են ինձ մեղադրում թուրքական իշխանությունները


Ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնը երկու տարի թուրքական բանտում գտնվելուց հետո ազատ արձակվեց և վարադարձավ ԱՄՆ: Նա օրերս հարցազրույց է տվել Ամերիկայի Ձայնին:

Ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնը թուրքական բանտից ազատ է արձակվել հոկտեմբերի 12-ին՝ այստեղ անցկացնելով շուրջ 2 տարի ահաբեկչության մեղադրանքով:

Երկար ժամանակ թուրքական կողմը հրաժարվում էր նրան ազատ արձակել: Նա այսօր հիշում է այն իրադարձությունները, որոնց արդյունքում հայտնվեցլ էր ճաղերի հետևում:

«Տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որը լարեց իրավիճակը Թուրքիայում: Կառավարությունը ճնշման տակ էր: Միևնույն ժամանակ մենք աշխատում էինք սիրիացի փախստականների հետ: Այստեղ առկա էր մարդասիրական ճգնաժամ: Շատերը, ովքեր եկել էին Իզմիր, քրդեր էին: Կառավարությունը կասկածանքով էր նայում, քանի որ մտահոգվում էր, որ նրանցից ոմանք ներկայացնում են PKK-ն: Բացի այդ, մենք ամերիկացի ենք ու քրիստոնյա, իսկ քրիստոնյաների նկատմամբ կա որոշակի կասկածամտություն: Այսպիսով այս ամենը կուտակվել էր»,- ասում է Բրանսոնը:

Հոգեւորականը նշում է, որ իր ձերբակալությունից հետո հստակ երևում էր, որ իրեն չեն արտաքսելու, այլ պահելու են Թուրքիայում:

«Երբ նրանք մեզ ձերբակալեցին, ասացին, որ մենք սպառնում ենք ազգային անվտանգությանը: Սովորաբար, երբ նման բան է տեղի ունենում, նրանք արագորեն արտաքսում են այդ մարդկանց, ինչը տեղի էր ունեցել իմ ընկերների հետ: Սակայն մեր ձերբակալության դեպքում, մեզ ներկայացրել էին որպես ահաբեկիչներ, որը փոխում և ավելի լրջացնում է իրավիճակը: Այս ամենը տևեց երկու տարի»,- ընդգծում է Բրանսոնը:

Նրան դատապարտել էին 37 ամսվա ազատազրկման թուրքական բանտում: Արդյունքում, այնտեղ անցկացրեց երկու տարի: Նա ասում է, որ ամենամեծ դժվարությունն անորոշությունն էր: Ըստ հոգեւորականի, 18 ամիս էր անհրաժեշտ պարզելու համար, թե ինչում են իրեն մեղադրում: Նա ասում է, որ իր ազատությունը փրկություն էր:

«Նրանք ինձ դատապարտեցին երեք տարի ժամկետով, իսկ այնուհետև ազատ արձակեցին, քանի որ երկու տարին արդեն բանտում էի անցկացրել: Ես և կինս դատարանի դահլիճում ծնկի իջանք և սկսեցինք աղոթել՝ շնորհակալություն հայտնելով Աստծոն, որ երկու տարի տևած այս մղձավանջն ի վերջո ավարտվեց»,- ասում է Բրանսոնը:

Վերադառնալով ԱՄՆ` հոգեւորական Բրանսոնն այցելել էր Սպիտակ տուն ու հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփին՝ օրհնելով վերջինիս: Նա պատրաստ էր նաև հանդիպել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Իր հարցազրույցը նա ավարտեց խոսքով՝ ուղղված թուրք ժողովրդին:

«Աստված սիրում է թուրք ժողովրդին, և մեզ է փոխանցել ու մեր սրտում դրել իր սիրո մի մասը»,- ասում է Էնդրյու Բրանսոնը:

Facebook Forum

XS
SM
MD
LG