Մատչելի հղումներ

Synopsys. Հայաստանի մասնագետները առավել բարձրակարգ աշխատանք են կատարում


Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները կատարում են առավել առաջադեմ եւ բարձրորակ աշխատանք, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմել է ամերիկյան Synopsys առաջադեմ ընկերության գլխավոր ճարտարապետ, Synopsys-Հայաստան ընկերության նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը.

«Այսօր մենք ունենք 800 աշխատող Հայաստանում, ովքեր իսկապես հետազոտություն եւ նոր ապրանքների ստեղծագործում են կատարում՝ ՏՏ ոլորտի ամենաբարձր աշխատանքը»:

Synopsys ընկերությունը զբաղվում է համակարգչային չիպերի եւ դրանց ծրագրային ապահովման մշակմամբ, որը թույլ է տալիս առօրյա կյանքում մեզ շրջապատող անթիվ չիպերին անխափան աշխատել, ինքնուրույն բացահայտել սեփական սխալները եւ նույնիսկ ինքնուրույն ապաքինվել:

«Հեռախոսների չիպերը, ձեր ավտոմեքենայի չիպերը՝ ամենքն իրենք իրենց սրբագրում են Հայաստանում պատրաստված այս խելացի գործիքների միջոցով»:

Որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն ընկերություն, Synopsys-Հայաստանը ոչ միայն նոր աշխատատեղեր է ստեղծում, այլեւ՝ ապահովում ոլորտին անհրաժեշտ մասնագետների կրթությունը.

«Այս օրերին Հայաստանում ոչ միայն որակը պատրաստելու խնդիր է, այլեւ քանակն ավելացնելու խնդիր է, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները Հայաստանում ավելանում են, սակայն, աշխատատեղեր ունենք, որոնց համար մասնագետներ գտնելը դժվար է»:

Այսօր բազմաթիվ մասնագետների գնահատմամբ Հայաստանում զգացվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների կարիք, քանի որ հենց նման մասնագետների սղությունն է խոչընդոտում ոլորտի առավել արագ զարգացումը: Այս կապակցությամբ ընկերությունն աշխատում է Հայաստանի բուհերի հետ միասին՝ ծրագրավորման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կրթական ծրագրերի մշակման եւ ներդրման գործում: Սակայն առավել մեծ արդյունքների Հայաստանը կարող է հասնել՝ բացելով դռները հսկայական Սփյուռքի առջեւ, համոզված է Զորյանը.

«Մեր ազգը մեծ ներուժ ունի, 10 միլիոն հայի պետք է հասնենք, որ 10 միլիոն հայը, դրսում ապրելով, իրենք իրենց Հայաստանի մաս զգան: Պետք է այդ ճանապարհը շատ սահուն լինի, որ կարողանան իրենց ներդրումն անել Հայաստանում՝ նյութական կամ իրենց մասնագիտությամբ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG