Սաուդյան Արաբիան կարևոր ռազմավարական երկիր է՝ նավթային իր պաշարների ու աշխարհագրական դիրքի պատճառով:
Ջամալ Հաշուգիի մահը սակայն արտացոլեց մարդու իրավունքների հարցում պետության որդեգրած մոտեցումները:
«Սա ընդգծում է այն բոլոր խնդիրները, որոնք Արևմուտքն անտեսել է տասնյակ տարիներ ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլև տարածաշրջանում»,- ասում է Ռոբին Ռայթը Վուդրո Վիլսոն կենտրոնից:
Թուրքիայի նախագահը օրերս պահանջել է, որ Հաշուգիի սպանություն պատվիրողը պատասխանատվության ենթարկվի անկախ իր զբաղեցրած դիրքից:
Էրդողանն առաջարկում է, որ 18 սաուդցի պաշտոնյաների դատավարույունը, ովքեր ձերբակալվել են այս գործի շրջանակում, տեղի ունենա Ստամբուլում:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, սաուդցի առաջնորդների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն արդեն միջոցներ է ձեռնարկում, մասնավորապես հետ կանչում տրամադրած վիզաները՝ հիմնվելով եղած փաստերի վրա:
ԱՄՆ-ի օրենսդիրները սակայն գտնում են, որ անհրաժեշտ են հավելյալ պատժիչ գործողություններ:
«Սենատը առաջ էր քաշել Մագնիցկու գլոբալ ակտը: Այն Թրամփի վարչակազմին պարտադրում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են լրագրողի սպանության մեջ: Ես նշել եմ հնարավոր պատժամիջոցները, օրինակ սաուդական ինքնաթիռներին վառելիք տրամադրելու հարցում: Դա կարող է կրկին բարձրացվել, սակայն չեմ կարծում, որ կընդունվի»,- ասում է սենատոր Մայքլ Բրաունը:
Եմենում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջերալդ Ֆերշթեյնը ասում է, որ Արևմուտքը պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների ու անվտանգության հարցերում:
«Գերմանիան հայտարարել է, որ դադարեցնում է զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային և կոչ անում եվրոպացի գործընկերներին հետևել իր օրինակին: Սաուդյան Արաբիայի համար անվտանգության հարցերի առումով հիմնական գործընկերներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Մինչ այժմ, դեռևս այս երկրները չեն առաջարկել որևէ բան կամ ակնարկել, որ պատրաստ են հետևել Գերմանիայի օրինակին»,- նշում է Ջերալդ Ֆերշթեյնը
Դեսպան Ֆերշթեյնի կարծիքով պատժիչ որևէ գործողություն, որը կազդի Ռիադի կողմից նավթի արդյունահանմանը, կհանգեցնի գլոբալ տնտեսական ճգնաժամի:
Facebook Forum