Մատչելի հղումներ

Ինչու Էրդողանը չի հիշատակում Հաշուգիի սպանության հետ կապված ձայնագրությունը


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ին հայտնի են արդեն մի շարք կասկածյալների անուններ, ովքեր ներգրավված են Ջամալ Հաշուգիի սպանության մեջ: Նրանց նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ: Թուրքիան էլ հայտարարել է, որ Հաշուգիի սպանության մեջ մեղավորները չեն խուսափի պատասխանատվությունից:

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը շարունակվում է ակտիվորեն քննարկվել Վաշինգտոնում ու Անկարայում:

Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է սաուդցիներին և նշել, որ նրանց տրամադրած պատմությունը շատ վատ մտածած քողարկում էր:

Հիշեցնենք, որ սկզբում պաշտոնական Ռիադը հաղորդել էր, որ Հաշուգին դուրս է եկել հյուպատոսությունից և նրանք չգիտեն, թե որ ուղղությամբ է նա հեռացել: Այնուհետև, որ նա մահացել է հյուպատոսությունում տեղի ունեցած կռվի հետևանքով: Վերջին տարբերակում պաշտոնական Ռիադը հայտարարել էր, որ լրագրողը սպանվել է, երբ փորձել է լքել հյուպատոսությունը՝ օգնություն կանչելու համար:

Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, սաուդցի առաջնորդների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն արդեն միջոցներ է ձեռնարկում՝ հիմնվելով եղած փաստերի վրա:

«Մենք բացահայտել ենք առնվազն մի քանի պատասխանատուների, ներառյալ հատուկ ծառայությունների, դատարանների, արտգործնախարարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ովքեր կասկածվում են Հաշուգիի սպանությանը ներգրավված լինելու մեջ: Մենք համապատասխան միջոցների ենք դիմել, ներառյալ վիզաների հետ կանչը»,- ասում է պետքարտուղարը:

Թուրքիան իր հերթին ևս քննադատել է սաուդյան կողմի ներկայացրած պատմությունը, ըստ որի սպանության մեջ մեղավում են մի շարք գործակալներ:

«Հետախուզության մի շարք աշխատակիցներին մեղադրելն այս հարցում բավարար չէ, ոչ՛ մեզ և ոչ՛ էլ միջազգային հանրության համար: Բոլորը բավարարված կլինեն միայն, եթե մեղավորները՝ հրահանգ տվողից մինչև այն կատարողը, պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Սակայն Էրդողանը իր խոսքում չի հիշատակել սպանության ձայնագրությունը, որի մասին եղել են հաղորդումներ: Որոշ փորձագետների կարծիքով նա այն ուզում է օգտագործել որպես լծակ:

«Թուրքիան ակնհայտ ցանկանում է ինչ-որ բան ունենալ այս ամենից: Եվ եթե նրանց հաջողվի ստանալ այն, ինչ ուզում են, ապա որևէ աուդիոձայնագրություն, տեսագրություն կամ վիզայի նկարներ երբևէ լույս չեն տեսնի»,- ասում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Սմիթը:

Այլ փորձագետների կարծիքով Էրդողանը Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ մրցում է իսլամական աշխարհում առաջնորդի դերը ստանձնելու համար:

«Սաուդյան Արաբիան ավանդաբար համարվում է իսլամական աշխարհի առաջնորդ, քանի որ սրբավայրերը գտնվում են այնտեղ: Ուստի կարող ենք ասել, որ այստեղ առկա է մրցակցության գործոնը»,- կարծում է Քեմալ Քիրիսչին Բրուքինգսի հաստատությունից:

Իսկ Սաուդյան Արաբիայում, չնայած սպանության հետ կապված մեծ աղմուկի, Ռիադում թագաժառանգ Մուհամադ բին Սալմանը հյուրընկալում է ներդրումային համաժողով: Քաղաքական շատ գործիչներ և գործարարներ, սակայն, հրաժարվել են մասնակցել հավաքին:

Facebook Forum

XS
SM
MD
LG